ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ներկայացվեցին հաշվետվություններ, հաստատվեցին կրթական ծրագրեր
ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը մեկնարկեց բուհի միջազգային գործունեության վիճակի և խնդիրների մասին հաշվետվությամբ, որը ներկայացրեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Պրոռեկտորը ներկայացրեց համաշխարհային կրթական տարածքին համալսարանի միասնացման, կրթական կենտրոնների և հիմնադրամների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, շեշտադրեց՝ ընդլայնվել են ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության շրջանակները, ՀՊՏՀ-ն ներկայում գործակցում է շուրջ 30 արտասահմանյան համալսարանների հետ:
2016-2017 թթ ՀՊՏՀ-ից արտասահմանյան համալսարաններ են մեկնել 20 ուսանող, վարչական ու դասախոսական աշխատակազմի 26 ներկայացուցիչ, հյուրընկալվել են 2 ուսանող, 59 դասախոս և վարչական աշխատակից: Գագիկ Վարդանյանը նշեց, որ ՀՊՏՀ միջազգայնացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ արդյունավետ աշխատել են արտաքին կապերի և որակի ապահովման բաժինները: Հետազոտական ծառայությունների արտահանման և համապատասխան միջոցների ներգրավման ոլորտում ևս կա դրական տեղաշարժ: Գիտական խորհուրդը զեկուցումն ընդունեց ի գիտություն և միջազգային գործունեության բնագավառում ձեռքբերումներն ամրապնդելու և առկա խնդիրները լուծելու նպատակով հանձնարարականներ հղեց պատասխանատու ստորաբաժանումներին:
Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը զեկուցեց «Ուսումնաարտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպման վիճակի և դեկանատների ու ամբիոնների խնդիրների մասին» հարցը՝ շեշտադրելով, որ թե՛ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, թե՛ թողարկող ամբիոնները ջանքեր են գործադրել ուսանողների փորձառության վայրերի ճիշտ ընտրության և տեղավորման ուղղությամբ: 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում ուսումնաարտադրական, գիտահետազոտական և գիտամանկավարժական փորձառություններ են կազմակերպվել 1784 ուսանողի համար, որոնցից 1313-ը՝ խոշոր կազմակերպություններում՝ համալսարանի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
Պրոռեկտորի խոսքով՝ ուսանողների փորձառություններն ուսումնական գործընթացի կարևոր բաղկացուցիչն են և ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերմանը միտված կրթական բարեփոխումները թելադրում են, որ համապատասխան փոփոխություններ իրականացվեն ինչպես բուհ-կազմակերպություն համագործակցության ձևաչափերում, այնպես էլ փորձառության ծրագրերում և կազմակերպման ձևերում: Սևակ Խաչատրյանի զեկուցումն ընդունվեց ի գիտություն, իսկ կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը նշեց, որ փորձառությունների կազմակերումը բուհի գործունեության կարևոր գործընթացներից է և այն բարելավելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել: Ռեկտորի խոսքով՝ փորձառության կազմակերպումը չպետք է լինի ձևական գործընթաց, քանի որ այն շատ կարևոր է շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից:
Նիստի օրակարգում էին նաև 3 ֆակուլտետների դեկանների հաշվետվությունները. դեկանները ներկայացրեցին ֆակուլտետում ուսումնական, գիտական, հետազոտական, փորձառությունների կազմակերպման և մյուս ուղղություններով գործունեության արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով կրթական ծրագրերի բարեփոխումներին, մարդկային ռեսուրսներով ապահովվածությանը, գործունեության միջազգայնացմանը, ռեսուրսային ապահովվածությանը, կառավարման բարելավմանն ու ու ընթացակարգերի մշակմանը: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը հանգամանորեն ներկայացրեց իր ղեկավարած ֆակուլտետի մեկ տարվա արդյունքները, բոլոր ուղղություններով կատարված աշխատանքներն ու անելիքները՝ ընդգծելով, որ հաշվետվությունը կազմվել է ՀՊՏՀ 2016-2020 թթ. ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման տեսանկյունից:
Դեկանի խոսքով, որ 2017թ. հունիսի 1-ի դրությամբ ֆակուլտետի ուսանողների ընդհանուր թիվը բոլոր կրթաձևերում կազմել է 959, ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի արդյունքներով ուսման առաջադիմությունը ֆակուլտետում կազմել է՝ առկա բակալավրիատում՝ 75,2, տոկոս, առկա մագիստրատուրայում՝ 70,1, հեռակա բակալավրիատում՝ 61.0, իսկ հեռակա մագիստրատուրայում 74,0:
Ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը զեկուցեց, որ 2017թ. հունիսի 1-ի դրությամբ ֆակուլտետի ուսանողների ընդհանուր թիվը բոլոր կրթաձևերում կազմել է 1841, ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի արդյունքներով ուսման առաջադիմությունը ֆակուլտետում կազմել է՝ առկա բակալավրիատում՝ 86,722, առկա մագիստրատուրայում՝ 72,1, հեռակա բակալավրիատում՝ 82,72, իսկ հեռակա մագիստրատուրայում 83,3 տոկոս:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը նշեց, որ ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի արդյունքներով ուսման առաջադիմությունը ֆակուլտետում կազմել է՝ առկա բակալավրիատում՝ 65,4, առկա մագիստրատուրայում՝ 96,7, հեռակա բակալավրիատում երկրորդ լուծարքից հետո՝ 71,4 տոկոս:
Գիտխորհուրդը դեկանների հաշվետվություններն ընդունեց ի գիտություն, իսկ կատարված աշխատանքները գնահատեց բավարար՝ առաջադրելով բարելավման նոր հանձնարարականներ:
Ընթացիկ հարցերի շարքում ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց երկու հարց՝ «Նոր մշակված կրթական ծրագրերը հաստատելու մասին» և « ՀՊՏՀ-ում կրթության բոլոր ձևերում ուսումնառության ընթացքում ստացած դրական գնահատականը վերահանձնելու մասին»: Գիտական խորհուրդը հաստատեց նոր մշակված հետևյալ 9 կրթական ծրագրերը՝ «Կառավարում», «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Ֆինանսներ», «Շուկայագիտություն» (Մարքեթինգ), «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական համակարգեր» և «Վիճակագրություն»: Գիտական խորհուրդը որոշեց կրթության բոլոր ձևերում չթույլատրել ուսումնառության ընթացքում դրական գնահատականի վերահանձնումը:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց և գիտխորհուրդը հաստատեց ատենախոսության մեկ թեմա և մեկ գիտական ղեկավարի վերահաստատում, որով էլ օրակարգը սպառվեց:
Հ.Գ. Գիտական խորհրդի որոշումներն ամբողջությամբ առաջիկայում կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին