ՀՊՏՀ խորհրդի նիստում կայացավ խորհրդի նախագահի ընտրությունը

Դիտումների քանակ՝ 3909

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ խորհրդի նիստ, որի օրակարգում միայն մեկ հարց էր՝ խորհրդի նախագահի ընտրություն:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը՝ համոզմունք հայտնելով, որ նա, որպես համալսարանի խորհրդի նախագահ, նոր հնարավորություններ կբացի թե՛ համալսարանի զարգացման, թե կրթական ոլորտի բարեփոխումներում համալսարանի մասնակցության համար: Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար՝ հույս հայտնելով, որ կկարողանա իր փորձով և գիտելիքներով օգտակար լինել բուհին, իսկ խորհուրդն էլ կկարողանա օգնել ռեկտորին՝ իրականացնելու համալսարանի կառավարման և զարգացման ծրագրեր՝ ապահովելով Տնտեսագիտական համալսարանի բարձր և կայուն տեղը ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կրթական տարածքում:

ՀՊՏՀ խորհուրդը միաձայն  համալսարանի խորհրդի նախագահ ընտրեց Վաչե Գաբրիելյանին: Ընտրությունից հետո խորհրդի նախագահը ուշադրություն հրավիրեց համալսարանի ռազմավարական զարգացման ծրագրում մի շարք հարցեր ներառելու հանգամանքի վրա, որոնք կվերաբերեն բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր և ընդհանուր խնդիրների վերաբերյալ համալսարանի դիրքորոշմանը:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը նախ շնորհավորեց ՀՊՏՀ խորհրդի նորընտիր նախագահին, ինչպես նաև խորհրդի նոր անդամներին, ապա նշեց, որ խորհրդի հաջորդ նիստին պատրաստ են հնչած հարցերի առնչությամբ ներկայացնելու համալսարանում կատարված, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին