Ուսանողները գործնական գիտելիքները հարստացրել են «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում. նրանք հավաստագրեր ստացան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն մի քանի տարի է՝ ակտիվորեն գործակցում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» առաջատար ապահովագրական ընկերության հետ: Սերտացող համագործակցության հերթական քայլը ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի 32 ուսանողի համար վարպետության դասերի կազմակերպումն էր: Նախաձեռնությունն իրականացվեց արդեն 3-րդ տարին: Դասընթացները վարել են ընկերության փորձառու մասնագետները՝ փոխանցելով գործնական գիտելիք ու հմտություն: «Վարպետացած» ուսանողներն այսօր հանդիսավորությամբ ստացան դասընթացի մասնակցության հավաստագրերը:
Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, «Ռոսգոստրախ-Արմենիա»-ի անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը:
Ներկաներին ողջունեց անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավարը՝ կարևորելով մեր համալսարանի հետ համագործակցությունը և նշելով, որ ընկերության լավագույն մասնագետները ձգտել են իրենց փորձը հաղորդել ուսանողին, աջակցել մրցունակ կադրերի պատրաստմանը: Դասընթացները եզրափակվել են հետաքրքիր՝ «Բիզնեսում հաղորդակցության հմտություններ» թեմայով բանախոսությամբ, որը, Լուսինե Գևորգյանի համոզմամբ, անհրաժեշտ իմացություն է փոխանցել ապագա ապահովագիրներին:
Ուսանողներին շնորհավորեց Աննա Ասլանյանը՝ վստահեցնելով, որ դասընթացը աշխատանք փնտրող շրջանավարտին մրցակցային առավելություն է տալու:
Հավաստագրերը հանձնեց Անահիտ Աստաբատցյանը և ուսանողներին կոչ արեց միշտ սիրել այն աշխատանքը, որով զբաղվում են, շարունակ կատարելագործել մասնագիտական հմտությունները:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լուսինե Գևորգյանն ասաց, որ սա գործատու-ուսանող առաջին քայլն էր և դասընթացների միջոցով իրենք ծանոթանում են պոտենցիալ աշխատակիցներին՝ լավագույններին առաջարկելով աշխատանք: «Համագործակցությունն ակտիվ ուսանողների հետ, անշուշտ, կշարունակվի: Օրինակ, որոշները ամռանը փորձառություն են անցնելու ընկերությունում, իսկ նոր ուսումնական տարում մասնակցելու են «Ռոսգոսստրախ-Արմենիա» անվանական կրթաթոշակի մրցույթին»:
Շնորհավորում ենք ապահովագիր-ուսանողներին և մաղթում մասնագիտական առաջընթաց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին