Աշխատանքային հանդիպում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում

Դիտումների քանակ՝ 2819

Այսօր ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ աշխատանքային հանդիպում, որի մասնակիցներն էին հայաստանյան ավելի քան 20 պետական և մասնավոր բուհերի միջազգային կապերի գրասենյակների աշխատակիցները: Մեր համալսարանը ներկայացում էր արտաքին կապերի բաժինը՝ Վարդ Ղուկասյանի գլխավորությամբ:

Ներկաներին ողջունեց «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել և վստահ է՝ և՛ հաղորդակցվելու ու փորձի փոխանակման, և՛ առաջիկա ծրագրերին արդյունավետ մասնակցության առումով այն օգտակար և արդյունավետ կլինի: Նա նշեց, որ հանդիպման առանցքում լինելու է միջազգային կրեդիտային շարժունությունը, կոչ արեց մասնակիցներին անկաշկանդ արտահայտվել  և օրակարգի ներկայացումից հետո հանգամանորեն կանգ առավ 2014-2020 թթ. ժամանակահատվածում նախատեսվող ծրագրերին, անդամակցող երկրներին, հիմնական գործողություններին:

Այնուհետև ծրագրի ազգային գրասենյակի պատասխանատուներ Էդիթ Սողոմոնյանը և Անի Թորոսյանը ներկայացրին «Էրազմուս+» ծրագրի բարեփոխված նոր կայքը, որը հանրային է դարձել ապրիլ ամսից և այցելուների համար առավել ճկուն ու գործնական է: Նրանք նշեցին, որ առաջարկությունների կամ դիտողությունների դեպքում կարող են որոշ հավելումներ և փոփոխություններ կատարել:

Ծրագրի ներկայացուցիչները նաև կատարեցին ծրագրի շրջանակում միջազգային կրեդիտային շարժունության մշտադիտարկում՝ արդյունքների վերլուծություն և գնահատում:

Օրակարգում նաև երկու շնորհանդես էր. ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ներկայացրեց մեր համալսարանի միջազգային կրեդիտային շարժունության պատկերը՝ վիճակագրորեն և արդյունքների տեսքով, ընթացիկ ծրագրերը և իրավիճակն այս պահին: Նա կանգ առավ ուսանողների, դասավանդող և վարչական անձնակազմերի մասնակցությանը գործընկեր երկրներում ուսանելու և դասավանդելու փորձին և նրանց հաջողություններին: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգայնացման ձեռքբերումները ներկայացրեց արտաքին կապերի պատասխանատու Սյուզաննա Շամախյանը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հետ համագործակցության մոդելներ, ծավալվեց քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին