ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ ռեկտորները համագործակցության պայմանագիր ստորագրեցին

Դիտումների քանակ՝ 4029

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ ուղենշելով երկու համալսարանների հետագա համագործակցության ուղղությունները՝ կրթական, գիտահետազոտական, շարժունության, միջազգայնացման, տեղեկատվական, փորձագիտական և խորհրդատվական, նյութատեխնիկական և այլ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը պայմանագրի ստորագրումից հետո նշեց, որ ՀՊՏՀ-ն ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցում է բավական երկար ժամանակ: «Ես կարծում եմ, որ հատկապես ներկա ժամանակներում, երբ բարձրագույն կրթության առջև դժվարությունները շատանում են, օգտակար է ոչ միայն արտերկրի, այլև Հայաստանի համալսարանների հետ փոխգործակցությունը: Կորյուն Աթոյանը նշեց, որ համագործակցությունը բավական լայն է և ընդգրկուն՝ կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում: ՀՊՏՀ ռեկտորն անդրադարձավ նաև  ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև ավելի վաղ կնքված եռակողմ համաձայնագրին՝ բարձր գնահատելով համագործակցությունը հայաստանյան համալսարանների միջազգայնացման համատեքստում: Կորյուն Աթոյանը բարի երթ մաղթեց նոր կնքված պայմանագրին:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը նշեց, որ եռակողմ այս համագործակցությունը քննարկումների և ուսումնասիրությունների արդյունք է, որը լավ նախադրյալ կարող է ստեղծել և լայն դաշտ բացել նոր ուղղություններով համագործակցության համար: «Կրթությունը գիտության շարժիչ ուժն է, և մենք պետք է հնարավորինս նպաստենք այդ կապի զարգացմանը, միջավայրի ստեղծմանը՝ ընդլայնելով համագործակցությունը համալսարանների հետ»,- ասաց Գագիկ Գալստյանը՝ իր համալսարանի անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց  ՀՊՏՀ-ին՝ արդյունավետ աշխատանքի և գործընկերության համար:

ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը համագործակցության համաձայնագիրը ներկայացնելիս նշեց, որ վերջին շրջանում միջհամալսարանական կապերի սերտացման միտում է նկատվում ամբողջ  աշխարհում: Պրոռեկտորի խոսքով՝ միջազգային կրթական տարածքում արդիական է համալսարանական կոնսորցիումների ստեղծումը, ինչը նպաստում է մարդկային, նյութական և գիտական ռեսուրսների մեկտեղմանը: Պարույր Քալանթարյանը նաև ընդգծեց, որ համաձայնագիրը շրջանակային է և ընդգրկում է գործունեության լայն ուղղություններ:

Մասնավորապես երկու համալսարանները նախատեսում են նպաստել կրթական ծրագրերի նորացմանը, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, խթանել հետազոտական և զարգացման երկկողմ և բազմակողմ ծրագրերին,  համատեղ իրականացնել միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրեր, ստեղծել  փորձագետների միասնական խումբ ինչպես միջհամալսարանական, այնպես էլ օտարերկրյա համալսարանների հետ աշխատելու նպատակով, ապահովել նյութատեխնիկական բազայի, հրատարակությունների և գրադարանային ֆոնդի համատեղ օգտագործում, համագործակցել պրաֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի և ուսանողների վերապատրաստման համատեղ ծրագրերի շրջանակներում, համատեղ ընդլայնել աշխատաշուկայի հետ համագործակցությունը և այլն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սույն թվականի ապրիլի 5-ին, Վալենսիայում  ստորագրվել էր եռակողմ համաձայնագիր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև, որը կնպաստի ուսանողների և պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի փոխանակմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Համաձայնագիրը կնքվել է «Էրազմուս +» ծրագրի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում: Այս համագործակցությունը նախատեսում է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ «Նախագծերի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի իրականացում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին