ՀՊՏՀ դոցենտը՝ Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում

Դիտումների քանակ՝ 3666

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Կարապետյանը մայիսի 13-19-ը գտնվել է Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում, մենեջմենթ մասնագիտության մագիստրատուրայի կուրսերում հանդես եկել դասախոսություններով, մասնակցել «Միջազգային թրեյնինգ շաբաթ» խորագրով միջոցառմանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դոցենտն ասաց, որ լեհական համալսարանի մագիստրանտների համար բանախոսել է «Կենսաթոշակային համակարգի տարբեր մոդելների մեթոդական հիմքերը և դրանց ֆինանսական հիմնախնդիրները» թեմայով, մասնավորապես անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների ուղղություններին, սահմանված կենսաթոշակներ և սահմանված վճարումներ կենսաթոշակային մոդելների էությանն ու առանձնահատկություններին (ներկայացվել են Գերմանիայի, Չիլիի, Շվեդիայի, Դանիայի, Էստոնիայի կենսաթոշակային բարեփոխումները), Լեհաստանի և Հայաստանի բազմաստիճան կենսաթոշակային համակարգերի համեմատական նկարագրին, կուտակային կենսաթոշակային բաղադրիչին բնորոշ ռիսկերին, կուտակային կենսաթոշակների վճարման տեսակներին, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի շրջանակում տրամադրվող պետական երաշխիքներին:

«Միջազգային թրեյնինգ շաբաթ»-ի շրջանակում ՀՊՏՀ դոցենտն ունկնդրել է բանախոսություններ, մասնակցել քննարկումների: Միջոցառմանը ներկա են եղել 25 երկրի 32 բուհերի ներկայացուցիչներ: Մեր պատվիրակն օտարերկրացիներին ներկայացրել է Հայաստանի, ՀՊՏՀ-ի մասին պատմող իր պատրաստած ուշագրավ  տեսանյութը, որը, ինչպես նշում է, մեծ հետաքրքրության է արժանացել:

ՀՊՏՀ դոցենտը, գիտական համագործակցություն սկսելու նպատակով, մի շարք երկրների  համալսարանների հետ պայմանավորվածություն է  ձեռք  բերել:

Մայիսի 29-ին տեղի ունեցած ամբիոնի նիստում Լուսինե Կարապետյանը ՀՊՏՀ դասախոսներին է ներկայացրել այցելության ընթացքում փորձի փոխանակման արդյունքների  վերաբերյալ հաշվետվություն:

Ի դեպ, ՀՊՏՀ դասախոսը Բիալիստոկում հանդիպել է ՀՊՏՀ մարքեթինգի ուսանողուհի Մարինե Ալեքսանյանին: Լուսինե Կարապետյանը ուրախությամբ նշեց, որ մեր ուսանողները դրական տպավորություն են ստեղծել:

Նշենք, որ ՀՊՏՀ-ում «Էրազմուս +» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Լ. Կարապետյանը

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին