Մագիստրանտների հերթական հետազոտությունները՝ ուղղված դեկանատի և ամբիոնի գործունեության լավարկմանը
Բիզնեսի կազմակերպում մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսեցիները, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Միքայել Մարդումյանի ղեկավարությամբ հերթական գիտահետազոտական աշխատանքներն են կատարել, որոնց շնորհանդեսն այսօր էր՝ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի, համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ:
Հետազոտություններն իրականացվել են «Բիզնես գործընթացների դիզայն» առարկայի շրջանակում, մագիստրանտներն աշխատել են 2 խմբով: Մասնավորապես, Անահիտ Գալստյանը, Նարե Աղամալյանը. Աշխեն Նիգոյանը, Կարեն Սուղյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Սահակյանը և Համլետ Ավետիսյանն ուսումնասիրել են «Դեկանատի բիզնես գործընթացների վերլուծություն և դիզայն», Անիկ Առաքելյանը, Լուսինե Ինանցը, Սարգիս Ղուկասյանը, Սյունե Մարգարյանը, Սյուզի Աղաջանյանը, Նարինե Սեդրակյանը, Վանիկ Թազայանը, Աստղիկ Եսայանը՝ «Ամբիոնի բիզնես գործընթացի կազմակերպում» թեմաները: Ուսանողները հանգամանալից ծանոթացել են իրենց դեկանատի և ամբիոնի գործառույթներին, խնդիրներին, զրուցել համապատասխան աշխատակիցների հետ, տեղեկություններ հավաքագրել և հանդես եկել վերոնշյալ օղակների գործունեության օպտիմալացմանն ու կառավարման արդյունավետությանը միտված առաջարկություններով:
«Դեկանատի բիզնես գործընթացների վերլուծություն և դիզայն» հետազոտական աշխատանքի հեղինակներն առաջարկում են դեկանատի գործունեության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառում, օրինակ, փաստաթղթաշրջանառության ավտոմատացում, ուսանողների տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում: Արդյունքում, ուսանողների եզրահանգմամբ, կնվազեն մարդկային գործոնի ազդեցությունը, սխալների հավանականությունը, կբարձրանա գործընթացների կառավարելիությունը և այլն: Մագիստրանտները ալգորիթմ են մշակել: Պատկերավոր օրինակով՝ եթե A կետից B կետը հասնում են 8 քայլով, նորամուծությունը թույլ է տալիս նույն ճանապարհը անցնել 3 քայլով:
«Ամբիոնի բիզնես գործընթացի կազմակերպում» աշխատանքի հեղինակները, ներկայացնելով ամբիոնի հիմնական գործընթացների նկարագրությունը, հանդես եկան իրենց առաջարկություններով, որն ըստ էության, ուղղված է հաշվետվողականության բարձրացմանը:
Առաջարկվում է օրինակ՝ կրթական և ուսումնական ծրագրերի պարբերական վերանայում, ինչպես նաև դասալսումների և մշտադիտարկումների կանոնակարգերի կազմում:
Աշխատանքների ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, պրոռեկտորները, բարձր գնահատելով մագիստրանտների հետազոտությունների արդյունքները, հանդես եկան նկատառումներով՝ ընդգծելով, որ արդիականացման աշխատանքներ կատարվում են, շատ գործընթացներ դեռ մշակման փուլում են:
Մեզ հետ զրույցում Միքայել Մարդումյանն ասաց, որ հետազոտությունները խորացնելու կարիք, այնուամենայնիվ կա, բայց ընդհանուր առմամբ, եզրահանգումներն ու համապատասխան առաջարկություններն արժեքավոր են և նախատեսվում է վերջնարդյունքը ներկայացնել բուհի ղեկավարությանը:
«Մագիստրանտների համար գիտահետազոտական աշխատանքը էական նշանակություն ունի, այս ուսումնական տարում նշված կուրսում արդեն 2-րդ նախաձեռնությունն էր: Կարևոր էր, որ բացի հետազոտական հմտություններ զարգացնելուց, ուսանողները հմտացան թիմային աշխատանքում (ամբողջ կուրսը ներգրավված էր)»,- ասաց ամբիոնի ղեկավարը՝ հավելելով, որ նոր ուսումնական տարում այս կուրսում չի դասավանդելու, բայց ներուժ ունեցող հետազոտողներին տեսադաշտում է պահելու և շարունակելու համագործակցությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին