Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին

Դիտումների քանակ՝ 3293

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը:«Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ կազմակերպել: Շատ դեպքերում նման հանդիպումների կիրառական արդյունքը լինում է ավելի մեծ, քան հետազոտություններ իրականացնելու ընթացքում: Դուք ունեք հետաքրքիր և հեռանկարային ապագա և ցանկանում եմ, որ այս գիտաժողովից հետո այդ համոզմունքը ձեզ մոտ մեծանա, որովհետև այսօր աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Յուրաքանչյուր դարաշրջան, ժամանակահատված ունի իր մարտահրավերները, բայց այսօր դրանք որակապես այլ են»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր կան կասկածներ՝ կապված կառավարման համակարգի հետ և երկրները կանգնած են խնդիրների առջև, թե ինչպե՞ս կառավարել, ո՞րն է լինելու պետության, հասարակության դերը: «Կարծում եմ, որ պետք է գտնել այն բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ պետությունն ու հասարակությունը զարգանալու են ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել, որպեսզի հանդիպեք, զրուցեք, 2-3-օրվա քննարկումները կարող են հավասար լինել մեկ տարվա ձեր հետազոտությունների իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: 
Այնուհետև Կարեն Կարապետյանը լսել է գիտաժողովի մասնակիցների մի քանի զեկույցներ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:

Գիտաժողովի հյուրերին և ներկաներին ողջունեց  նաև ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Դիմելով վարչապետին՝ Կորյուն Աթոյանը նախ նշեց, որ ՀՊՏՀ-ի համար բարձր պատիվ է վարչապետին հյուրընկալելը, ապա նշեց. «Ուսանողական տնտեսագիտական գիտաժողովների կազմակերպումը մեզ մոտ ավանդույթ է, որը վերջին տարիներին հատկապես ամրապնդվել է՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակները,  ներառելով այլ երկրների ուսանողների: Սա դարձել է բաց և կայուն հարթակ, որտեղ ուսանողները քննարկում են տնտեսության ամենատարբեր ոլորտներին և ուղղություններին վերաբերող հարցեր, բարձրացնում հիմնախնդիրներ և հանդես գալիս առաջարկություններով»:

Համալսարանի ռեկտորը անդրադարձավ  ՀՊՏՀ-ում  2011 թվականից իրականացվող ծրագրերին. Պահպանելով համալսարանական ավանդույթները՝ՀՊՏՀ-ում մեկնարկել է հաստատության զարգացման նոր ծրագիր, որը ներառում էր բազմաթիվ ուղղություններ՝սկսած համալսարանի կերպարի՝արտաքին տեսքի փոփոխությունից, Բրենդբուքի ստեղծումից մինչև կրթության որակի բարձրացում, հետազոտական աշխատանքների աշխուժացում, միջազգային կապերի հաստատում, ուսանողներին և աշխատակիցներին ուղղված սոցիալական ծրագրերի իրագործում, հանրային կապերի զարգացում, գրադարանի թվայնացում, միջավայրի արդիականացում, տեխնիկական վերազինում: Ձեռքբերումների շարքում Կորյուն Աթոյանն առանձնացրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, համալսարանի մասնակցությունը Տեմպուսի և «Էրազմուս +»-ի ծրագրերին,  գրադարանային ֆոնդի թվայնացումը, Հայաստանում եզակի QR գրադարանի գործարկումը:

«Մեր գլխավոր խնդիրը բարձր գիտելիքներով մրցունակ մասնագետների պատրաստումն է, որոնք ուսումն ավարտելուց հետո կգտնեն իրենց արժանի տեղը աշխատաշուկայում: Սա է պատճառը, որ մենք կրթության որակի բարելավմանը զուգահեռ չափազանց կարևորում ենք բուհում գիտահետազոտական աշխատանքների զարգացումը: «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իր գիտահետազոտական գործունեությամբ փորձում է իրագործել հետազոտական համալսարան դառնալու մեր տեսլականը, նաև աշխատում տնտեսագետ-փորձագետների հարթակ դառնալ, որոնց ուսումնասիրությունները կարող են օգտակար լինել նաև մեր Կառավարությանը: Այստեղ ցանկանում եմ նշել նաև, որ Կենտրոնի գործունեությունը 2016թ. Ուշադրության է արժանացել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի  կողմից՝«Ուղեղային կենտրոնները ԱՊՀ երկրներում և Վրաստանում. կառուցվածքը, նպատակները, զարգացման հիմնական միտումները» զեկույցում»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ համալսարանի գիտահետազոտական գործունեության մեջ ներգրավվում են նաև ուսանողներ՝ հնարավորություն ստանալով ոչ միայն զարգացնել հետազոտելու կարողությունները, այլև գումար վաստակել: «Եվ այս համատեքստում է, որ մեզ համար ուրախալի է տեսնել ուսանողների նախաձեռնողականությունը ոչ միայն ժամանցային, այլև գիտական միջոցառումներ կազմակերպելիս: Հուսով եմ, այս գիտաժողովը ևս կտա ցանկալի արդյունք՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին քննարկելու տնտեսագիտական թեմաներ, վերհանելու հիմնախնդիրներ»,- եզրափակեց ԿորյունԱթոյանը:

«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում է աշխարհի 7 երկրի շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնական՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Սիրիայից և այլն: Աշխատանքային երեք օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են գալիս զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացնում միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:

Եռօրյա գիտաժողովը կավարտվի վաղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին