Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակ՝ 1-ին կուրսի առաջավոր ուսանողներին

Դիտումների քանակ՝ 2624

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում մայիսի 27-ին տեղի է ունեցել վայոցձորցի հայտնի գործարար ու բարերար, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակի վկայականների հանդիսավոր հանձնման ավանդական միջոցառումը (մայիսի 27-ը Մուրադ Սարգսյանի ծննդյան օրն է), որին ներկա են եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսներ, ուսանողներ, Սարգսյան ընտանիքի անդամները:Այս մասին տեղեկանում ենք մասնաճյուղից:

Ամեն տարվա նման, այս տարի ևս կրթաթոշակի (ուսման վարձի մասնակի փոխհատուցում) են արժանացել 1-ին կուրսի 10 ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Հավաստագրերը հանձնել է Մուրադ Սարգսյանի կինը՝ Աննա Սարգսյանը:

Նշենք, որ 2012 թվականի մայիսի 27-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գրադարան-ընթերցասրահն անվանակոչվել է Մուրադ Սարգսյանի անունով: Ընթերցասրահը թվային գրատախտակով, համակարգչով, հեռուստացույցով և DVD-ով վերազինվել է Սարգսյանների ընտանիքի աջակցությամբ:

Շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացածներին և ուսման մեջ մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին