Ամփոփվել են «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» ծրագրի արդյունքները

Դիտումների քանակ՝ 2198

2017 թվականի մայիսի 16-17-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ-ի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE) ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից համաժողովին մասնակցել են  անձնակազմի կառավարման, որակի ապահովման բաժնի և այլ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Անձնակազմի կառավարման բաժնից հայտնում են, որ համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ծրագրի գործընկեր Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի (Բարսելոնա, Իսպանիա) հասարակական խորհրդի գլխավոր քարտուղար Ժոզե Մարիա Սալանտը և ծրագրի համակարգող Սաուլե Արուստանբաևան՝ Ազգային տնտեսական համալսարանից (Ալմա Աթա, Ղազախստան)։ Համաժողովը շարունակվել է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդկային ռեսուրսների կառավարման զարգացման հեռանկարները» լիագումար նիստով։

ՀՊՏՀ-ից ելույթ է ունեցել որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Անի Բաղդասարյանը՝ խոսելով հայաստանյան բուհերում մարդկային ռեսուրսների կառավարման զարգացման խնդիրների ու հեռանկարների մասին՝ ներկայացնելով նաև մեր համալսարանի ձեռքբերումները PEOPLE ծրագրի ընթացքում։ Ծրագրի գործընկեր Բարձրագույն տեխնիկական համալսարանի (Լիսաբոն, Պորտուգալիա) ուսուցման գրասենյակի համակարգող Իզաբել Գոնսալվեսը հանդես է եկել «Աշխատակիցների ուսուցանում/առաջնորդում՝ ուղղորդելով դեպի նպատակների իրականացում» ելույթով։

Համաժողովի առաջին օրը ավարտվել է կլոր սեղան-քննարկումներով հետևյալ թեմաներով՝ «Աշխատանքի կատարողականի գնահատում», «Նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացում», «Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական պլանավորում»։ Որպես գործնական օրինակ՝ ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը ներկայացրել է մեր համալսարանում մարդկային ռեսուրսների ռազմավարական պլանավորման ու կառավարման փորձը։

Ամփոփիչ համաժողովի երկրորդ օրը սկսվել է կլոր սեղան-քննարկումների արդյունքների ու եզրակացությունների ամփոփմամբ։ «Մարդկային ռեսուրսների զարգացման եվրոպական հեռանկարները» լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ծրագրի եվրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչները։ Ժոզե Մարիա Սալանտը՝ Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանից (Բարսելոնա, Իսպանիա), ներկայացրել է իսպանական «Սերա Հանթեր ծրագիրը»՝ խոսելով դասախոսական և վարչական անձնակազմի հավաքագրման մոդելի գնահատման մասին։ Թագավորական տեխնոլոգիական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի (Ստոկհոլմ, Շվեդիա) աշխատակից Լոտտա Գուստավսոնը ներկայացրել է անձնակազմի հավաքագրման իրենց փորձը՝ հիմնված կարողությունների վրա, իսկ Մարթա Փայլը՝ Բարձրագույն տեխնիկական համալսարանում (Լիսաբոն, Պորտուգալիա)  մարդկային ռեսուրսների կառավարման որակի չափորոշիչները։

Մայիսի 19-ին ծրագրի համակարգող Ազգային տնտեսական համալսարանի (Ալմա-Աթա, Ղազախստան) ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ քննարկելու ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին