Մրցակցությունը՝ մերօրյա շուկայի գլխավոր մարտահրավեր. բանախոսեց Միչիգանի համալսարանի դասախոսը

Դիտումների քանակ՝ 2558

Ուշագրավ դիտարկումներ ու օգտակար խորհուրդներ ապագա շուկայագետներին. արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ «Մրցակցային տեսության ներածություն» թեմայով ինքնատիպ բանախոսությամբ այսօր ՀՊՏՀ-ում հանդես եկավ ԱՄՆ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, հետազոտող, խորհրդատու Ջոն Դեյվիդ Բրենչը:  Հանդիպմանը ներկա էին մեր համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ ՀՊՏՀ-ի համար մեծ պատիվ է Միչիգանի համալսարանի պրոֆեսորին հյուրընկալելը, ապա ընդգծեց, որ Ջոն Բրենչը հարուստ գիտամանկավարժական, գիտահետազոտական փորձ ունի և ուսանողներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ներկայացվող թեմայի քննարկմանը, հնչեցնել հարցադրումներ:

Արտասահմանցի դասախոսն իր հերթին ուրախություն հայտնեց ՀՊՏՀ լսարանի առջև ելույթ ունենալու, առաջին անգամ Հայաստանում գտնվելու առիթով: Նա համառոտ անդրադարձավ իր կենսագրությանը, գիտական հետաքրքրությունների շրջանակին՝  հետաքրքրվում է մարքեթինգով, ուսումնասիրում է հաճախորդների վարքը և այլն (Ջոն Բրենչի ինքնակենսագրականը՝ այստեղ):

Սկսելով բանախոսությունը՝ դասախոսը մրցակցությունը դիտարկեց որպես ժամանակակից շուկայի հիմնական մարտահրավեր, ապա հետաքրքրաշարժ օրինակներ ներկայացնելով՝ խոսեց մրցակցություն երևույթի մասին:

«Եթե ֆուտբոլում կամ այլ խաղում պետք է հաղթես կոնկրետ ժամանակահատվածում, ապա շուկայում և մարքեթինգում ոչ թե հաղթում ես, այլ շարունակաբար մրցակցում՝ անընդհատ ջանքեր ներդնելով»,-ընդգծեց Ջոն Բրենչն ու պարզաբանեց մրցունակ լինելու գրավականները, քննարկեց շուկայի մարտահրավերները, առաջարկեց դրանց հաղթահարման ուղիները: Ապրանքի բարձր որակն ու մրցակցային գինը, նորաստեղծական մոտեցումը, հանրային կապերը դիտարկվեցին որպես առավելություն: Դասախոսությունն անցավ ինտերակտիվ, հարցուպատասխանի մթնոլորտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին