Բիզնես գաղափար ու նոր մոտեցում են առաջարկում 1-ին կուրսեցիները. անգլերենի բաց դաս
Կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները բաց դասի շրջանակում այսօր ամփոփեցին ավարտվող ուսումնական տարում ստացած անգլերենի գիտելիքները. լեզուների ամբիոնի դասախոս Քրիստինա Թորգոմյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ուսանողները հանդես եկան բիզնես գաղափարներով, որոնց հիմքում նորարարությունն ու եզակիությունն է: Առաջին կուրսեցիները, դասախոսի հանձնարարությամբ, ուսումնասիրել էին մերօրյա ապրանքային շուկան, կատարել SWOT վերլուծություն, բիզնես գաղափարն իրագործելու նպատակով դիտարկել մրցակիցներին, ընդգծել իրենց առաջարկած ապրանքի առավելությունները: Այս ամենն այսօր նրանք ներկայացրին գեղեցիկ ու սահուն անգլերենով, ուշագրավ շնորհանդեսով:
Դասին ներկա էին լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը, դասախոսներ:
Ելույթ ունեցան ուսանողուհիներ Մերի Ստեփանյանը, Մելինե Դավթյանը, Սոֆյա Կարապետյանը, Լյուբա Սարգսյանը, Մարիա Նիգոյանը: Ուշագրավ է, որ առաջին կուրսեցիները հայկական օծանելիք ստեղծելու միտք են առաջ քաշում, որի հիմքում առավելապես բնական՝ Հայաստանի հարուստ ու բազմազան բույսերի ու ծաղիկների հումքը կիրառելու գաղափարն է: Նկատի ունենալով օծանելիքի շուկայում առկա մրցակցությունը՝ ուսանողներն ընդգծում են իրենց ապրանքանիշի բացառիկությունը. առավելապես բնական և նվազագույն քիմիական բաղադրատարրեր:
Դասի ավարտին Սուսաննա Չալաբյանը ուսանողների՝ թեման բանավոր անգլերենով ներկայացնելու հմտությունն ու թիմային աշխատանքը գնահատեց գերազանց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին