HERITAG. զբոսաշրջության ոլորտի արդյունավետ կառավարման նոր ուղիներ
Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում «Զբոսաշրջության ոլորտի կառավարման և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջմասնագիտական ծրագրային բարեփոխումներ» (HERITAG) ծրագրի փուլային ամփոփումն էր՝ հաշվետու հավաքը, որը համախմբել էր ծրագրի հայաստանյան մասնակիցներին: Միջոցառմանը ներկա էին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը, դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ:
Համառոտ անդրադարձ կատարելով ծրագրի մեկնարկին, ընթացքին ու մինչ օրս արձանագրված ձեռքբերումներին՝ Ներսես Գևորգյանը նշեց. «Ծրագրի նպատակն է խթանել բարձրագույն կրթության միջմասնագիտական ոլորտի բարեփոխումները և մշակել մագիստրոսական ու շարունակական կրթական ծրագրեր: Եվրոպացի գործընկերների հետ փորձի փոխանակումը, համալսարանի դասախոսների վերապատրաստումը՝ դասավանդման մեթոդների և առարկայական իմացության ուղղությամբ, ոլորտային հետազոտությունների իրականացումը կարող են հող նախապատրաստել ծրագրի նպատակների իրագործման համար»:
Վարազդատ Հովհաննիսյանը հանգամանորեն կանգ առավ գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների դերի և կիրառման հնարավորությունների վրա՝ նշելով, որ մեր առօրյա կյանքում այն մեծ նշանակություն ունի և առավել ևս ծանրակշիռ դերակատարություն ունի մշակութային ժառանգության փաստաթղթավորումը, զբոսաշրջության կառավարումն ու ձեռներեցությունը զարգացնելու ուղղությամբ: Նա կարևորեց մեր բուհում գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների լաբորատորիայի և այդ տեխնոլոգիաների կիրառմամբ միջառարկայական մագիստորասկան մասնագիտացման ստեղծումը:
Այնուհետև սեմինար-քննարկումն էր, որի ընթացքում իրենց գործընկերներին և ուսանողներին ծրագրի շրջանակներում Իտալիայի համալսարաններ այցելությունների մասին ուշագրավ մանրամասներ ներկայացրին վերապատրաստված դասախոսները:
ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ Տաթևիկ Եդոյանը ներկայացրեց Բոլոնիայի համալսարանը՝ կառուցվածքը, հետազոտական և ուսումնական կենտրոնները, ուսանողական ծառայությունները, մանրամասներ Տնտեսագիտության, կառավարման և վիճակագրության դպրոցի մասին:
Մեր լրահոսում հաղորդում կար այն մասին, որ մարտի 20-31-ը ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյանը և կառավարման ամբիոնի ասիստենտ Տիգրան Մնացականյանը Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել են «Զբոսաշրջության զարգացման տնտեսագիտություն» վերապատրաստման դասընթացին: Այսօր իր ելույթում Հասմիկ Համբարձումյանը կանգ առավ Ռիմինիի համալսարանի կրթական ծրագրերի վրա՝ մասնավորապես խոսելով պետություն-համալսարան-մասնավոր բիզնես համագործակցության մասին, որն ամբողջանում է՝ արդյունավետ շրջան կազմելով և ընդգրկելով ուսանողությանը, ներկայացրեց զբոսաշրջային բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերն ըստ ուսումնական տարիների և ուսանողին առաջադրվող պահանջների:
Տիգրան Մնացականյանը խոսեց նույն համալսարանում դասավանդման մեթոդների՝ կրթական ծրագրերի մատուցման մասին՝ ընդգծելով, որ դասավանդումը կենտրոնացված է հիմնախնդիրների վրա:
Բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Ծրագրի ղեկավարների ու մասնակիցների կարծիքով՝ զբոսաշրջության կառավարման կրթական ծրագրի նորացմամբ, նոր դասընթացների մշակմամբ և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծմամբ ոլորտում կարձանագրվի որակական աճ և արդյունավետություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին