Ծառայել ոչ թե որպես շարքային, այլ՝ սպա. առաջարկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Դիտումների քանակ՝ 2492

ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության անձնակազմի կառավարման բաժնի պետ, գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանն ու նույն վարչության ռազմական կրթության բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Խուրշուդյանը ՀՊՏՀ հրավերով այսօր համալսարանում հանդիպեցին ուսանողության հետ և ներկայացրին «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում ՀՀ բուհերում սովորող  ուսանողների համար ռազմական պատրաստության դասընթացների իրականացման» ծրագրի մասին մանրամասներ: Հանդիպմանը մասնակցում էին մեր համալսարանի ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը:

Ինչպես պարզաբանեցին ՊՆ ներկայացուցիչները՝ վերոնշյալ դասընթացը կազմակերպվում է ռազմական ուսումնական հաստատություններում ստեղծված ռազմագիտական կենտրոնում, 2 տարի 6 ամիս ժամկետով, բուհերի 2-րդ կուրսի տարկետման իրավունքով սովորող այն ուսանողների (արական սեռի) ներգրավմամբ, ովքեր ցանկություն են հայտնում դասընթացին մասնակցելու:

Գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանի տրամադրած սույն փաստաթղթում կարող եք ծանոթանալ դասընթացների իրականացման կարգին՝ գտնելով մանրամասն տեղեկություններ:

Տեղեկացնենք, որ ծրագրին դիմելու համար ուսանողներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն դեկանատներ, որտեղից էլ փաստաթղթերը կուղարկվեն Պաշտպանության նախարարություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին