Բաց դաս՝ ֆինանսական աուդիտի առանձնահատկությունների շուրջ
ՀՊՏՀ կառավարչական հաշվառման ամբիոնի նախաձեռնությամբ այս կիսամյակում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական ծրագրի թեմաներով դասախոսություններ են վարել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Այսօր վերջին դասախոսությունն էր. ֆինանսական աուդիտի առանձնահատկությունների շուրջ բանախոսեց ԿԲ ֆինանսական աուդիտի բաժնի պետ, ACCA միջազգային որակավորում ստացած Նարինե Մալաքյանը: Դասին ներկա էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, վերոնշյալ ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, դոցենտ Վահան Բաբայանը: Դասախոսությունն ունկնդրում էին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:
Նարինե Մալաքյանը ներկայացրեց երկու առանցքային հարց՝ ներքին աուդիտի գործառույթները, դրանում ֆինանսական աուդիտի դերը և ներքին վերահսկողության համակարգի գործունեության արդյունավետության ապահովման գործում արտաքին աուդիտի գործառույթները: Ելույթից հետո դիտարկված հարցերի շուրջ քննարկում ծավալվեց, լսարանը հնչեցրեց հարցադրումներ ու դիտարկումներ:
Դասերի կազմակերպիչ, դասախոս Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում, ամփոփելով ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի բանախոսությունները, հավաստիացրեց, որ դրանք ուսանողին գործնական գիտելիք ու մասնագիտական հմտություն են փոխանցել և ոչ միայն:
«Վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը մի քանի առումներով էր օգտակար. բանախոսները միջազգային չափանիշների համատեքստում քննարկեցին և ներկայացրին մասնագիտական հարցերը (նրանք միջազգային որակավորումներ ունեցող անձինք են, միջազգային աշխատաշուկային քաջատեղյակ), կարևոր էր նաև, որ ուսանողները կարողացան ծանոթանալ ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային աշխատաշուկայի նորօրյա պահանջներին, մրցունակ լինելու չափանիշներին»-ասաց դոցենտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին