ՀՊՏՀ-ում էին անվանի տնտեսագետներ. տեղի ունեցավ պրոֆեսոր Սամսոն Դավոյանի գրքի շնորհանդեսը
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամսոն Դավոյանի «Երկրների բազմաբնույթ վերափոխումների համեմատական արդյունավետության վերլուծությունը (ժամանակի մարտահրավերները և հաղթահարման ուղիները)» գրքի (մենագրություն) շնորհանդեսը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր համախմբել էր անվանի տնտեսագետների, գիտնականների, մանկավարժների, ասպիրանտների և ուսանողների: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բուհի աշխատակիցներ, ասպիրանտներ, ուսանողներ:
Հյուրերի շարքում էին ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արամ Առաքելյանը, ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը, տնտեսագետ, Դոնի Ռոստովում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, ՀԱԱՀ ֆինանսներ և վարկ ամբիոնի վարիչ Աշոտ Բայադյանը:
Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ապա խոսքը տրամադրեց հեղինակին:
Սամսոն Դավոյանը նախ շնորհակալություն հայտնեց տնտեսագիտական մայր համալսարանի ղեկավարին՝ իր գրքի ներկայացումը հանդիսավորությամբ կազմակերպելուն աջակցելու համար: Անդրադառնալով մենագրությանը՝ պրոֆեսորը նշեց, որ այնտեղ ամփոփված են իր դրամաշնորհային հետազոտական աշխատանքի արդյունքները, որոնք զեկուցվել են Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի միջազգային գիտաժողովներում, ինչպես նաև ՀՊՏՀ, ՀՌՀ (Սլավոնական), ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետների հանրապետական գիտաժողովներում:
«Հետազոտական աշխատանքի հիմնական խնդիրն է եղել նոր մեթոդաբանության մշակումը, որը հնարավորություն կընձեռի ձևավորել վերափոխումների ընդհանրական համաթիվ՝ քանակապես գնահատելու այն ընդհանուր վերափոխումները, որոնք իրականացվել են 2007-2015 թթ՝ ավելի քան 140 երկրներում»,-շեշտադրեց հեղինակը:
Ելույթում ընդգծվեց, որ առաջարկված վերափոխումների ընդհանրական համաթվի մեջ մտնող 17 մասնակի համաթվերի, 13 հենասյուների և 64 ցուցանիշների միջոցով գնահատվել և վերլուծվել են 2012-2016 թվականներին Անդրկովկասի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) տարաբնույթ վերափոխումները:
Սամսոն Դավոյանի զեկուցումից հետո մենագրության շուրջ կարծիքներ և դիտարկումներ հայտնեցին գրքի գրախոսները՝ Հայկ Սարգսյանը, Գագիկ Վարդանյանը, գիտական խմբագիրը՝ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը, Արարատ Գոմցյանը, Վարդան Բոստանջյանը, Աշոտ Բայադյանը, Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը: Տնտեսագետներն արժևորեցին Սամսոն Դավոյանի երկարամյա գիտահետազոտական աշխատանքը և անդրադառնալով նոր մենագրությանը՝ շեշտադրեցին, որ այն բարձրարժեք, բացառիկ, գիտագործնական նշանակություն ունեցող աշխատություն է, որը թույլ է տալիս գնահատել բազմաբնույթ վերափոխումներն ու որակական ցուցանիշները չափելի դարձնել: Շատերը նշեցին, որ անհրաժեշտություն կա գիրքը ռուսերեն և անգլերեն թարգմանել՝ նաև միջազգային գիտական հանրույթին հասանելի դարձնելու համար:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով կարծիքների, նկատառումների, բարեմաղթանքների համար, կրկին շնորհավորեց Սամսոն Դավոյանին, ապա հավելեց. «Քանի որ այստեղ են Հայաստանի լավագույն տնտեսագետներից շատերը, ուզում եմ շեշտել, որ մենք համատեղ մեծ անելիքներ ունենք: Ցանկացած կառավարություն ունի իր երկրի տնտեսագետների կարիքը և այս համատեքստում՝ մենք երբեք չենք համատեղել մեր ուժերը՝ տնտեսագիտական կարևոր հարցեր քննարկելու համար: Կոչ եմ անում, որ փորձենք համատեղել մեր գիտական ջանքերը և տնտեսագիտական միտքն առաջ տանել»:
«Երկրների բազմաբնույթ վերափոխումների համեմատական արդյունավետության վերլուծությունը (ժամանակի մարտահրավերները և հաղթահարման ուղիները)» մենագրությունը հրատարակության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշումներով:
Շնորհանդեսի մասնակիցները ստացան գրքի մեկական օրինակ: Տեղեկացնենք, որ մենագրությունն արդեն առկա է ՀՊՏՀ գրադարանում:
Շնորհավորում ենք հեղինակին և մաղթում գիտահետազոտական բեղմնավոր աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին