Ռուսաց լեզվի օլիմպիադայում. խթանելով օտար լեզուների խորը ու համակողմանի ուսումնասիրությունը

Դիտումների քանակ՝ 2520

Լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ ռուսաց լեզվի օլիմպիադայի անցկացումը ավանդույթի ուժ է ստացել: Այսօր անցկացվեց հերթական ստուգատեսը, որին մասնակցում էր բուհի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսերի 39 ուսանող:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու կազմակերպիչն է լեզուների ամբիոնի դոցենտ Լիդա Տոնոյանը, ով իր գործընկերների հետ միասին օլիմպիադայի կազմակերպական հարցերը հոգաց ըստ պատշաճի: Մասնակիցները 1 դասաժամի ընթացքում կատարեցին թեստային առաջադրանքներ, որոնցում հարցեր կային բառագիտությունից, տերմինաբանությունից, ուղղագրությունից, կետադրությունից, ոճագիտությունից, գեղարվեստական գրականությունից:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դոցենտ Լիդա Տոնոյանը նշեց, որ օլիմպիադայի անցկացումը նպատակ է հետապնդում բարելավելու ուսանողների ռուսերենի իմացությունը, աջակցելու ստեղծագործական ներուժի բացահայտմանը, ապա ավելացրեց. «Նախևառաջ հարկավոր է զարգացնել ռուսաց լեզվի նկատմամբ ճանաչողական հետաքրքրությունը և խորացնել ռուսալեզու ժողովուրդների պատմամշակութային ավանդույթների և արժեքների մասին գիտելիքները: Ստուգելով ուսանողների լեզվիմացության մակարդակն ու որակը՝ խթանում ենք նրանց հետագա ճիշտ և ուղղորդված ուսումնառությունը, օտար լեզուների խորը ու համակողմանի ուսումնասիրությունը»:

Օլիմպիադայի արդյունքները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին