«Տնտեսագետի» նոր համարը՝ հերոսության, գարնան զարթոնքի ու կյանքի բարենորոգման մասին
Ճանաչենք մեր նորօրյա հերոսներին: Նրանք մեկ տարի առաջ հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքն էին կատարում, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը և զենքը ձեռքին փորձառություն անցան իրական պատերազմում: Զորացրվելուց հետո շատերը վերսկսել են ուսումնառությունը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրավիրեց նրանց լուսանկարվելու, հայրենանվեր հայորդիների համալսարանական պահոցը կրկին համալրելու և, իհարկե, «Տնտեսագետի» միջոցով ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու նրանց: Եվ ահա, ամսագրի էջերում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը սրբորեն կատարած ՀՊՏՀ ուսանող-զինվորներն են:
«Ստեղծագործում են ՀՊՏՀ կանայք և աղջիկները» խորագրի ներքո գարնանային տրամադրություն ու հաճելի հույզեր են փոխանցում մեր գործընկերուհիները:
Համալսարանական իրադարձությունների շարքում առանձին անդրադարձներ կան միջբուհական ուսանողական աշխատաժողովին, ՀՊՏՀ-դպրոց համագործակցությանը, Քառօրյա պատերազմին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Տնտեսական հետաքրքրական նորություններ են ներկայացված դոցենտ Սամվել Գրիգորյանի բազմաբովանդակ «Տնտեսական խճանկարում»:
Այս համարում կարդացեք նաև ՀՊՏՀ մագիստրանտների հետազոտությունը Հայաստանում զվարճանքի ծառայությունների շուկայի, ինչպես նաև ուսանողների հոդվածները պարտատոմսերի եկամտաբերության, աշխարհահռչակ բրենդերի վերաբերյալ:
«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:
«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո դոցենտ Սոֆյա Օհանյանն անդրադառնում է աշխարհաճանաչ Մեծ Բուդդա Մայտրեյայի արձանին ու նրա ստեղծման ուշագրավ պատմությանը:
«Ամենակարևորի մասին» և «Փորձագիտական հարթակ» խորագրերում հեղինակները պարզաբանում են բջջային հեռախոսների վնասները և կենցաղային թափոնների հիմնախնդիրը:
«Մշտադիտարկում» խորագիրը ներկայացնում է ֆինանսական շուկաների զարգացումները:
«Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաների մասին այսքանը, ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, ընթերցասրահներ՝ տեղում ընթերցելու համար, իսկ դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։
Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթացեք հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/tntesaget/2017/TERT_2017.2_optimized.pdf:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին