ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

Դիտումների քանակ՝ 2971

Սիրելի ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօրվա տոնի առթիվ ձեզ է հղել իր շնորհավորանքը, որը ներկայացնում ենք ստորև:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի ուսանողներ

Արդեն մի քանի տարի է՝ մեր ազգային տոնացույցը հարստացվել է ևս մեկ գեղեցիկ տոնով՝ նվիրված ուսանողներին և երիտասարդներին: Պետականորեն նշվող այս տոնի հիմքում Երևանի պետական համալսարանի հիմնադրումն է:

Երիտասարդությունը յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժն է, յուրաքանչյուր պետության ապագան, վաղվա կայուն և կայացած օրվա  հույսն ու ապավենը: Երիտասարդներն են, որ առաջինն են շոշափում հարափոփոխ աշխարհի զարկերակը, նրանք են, որ պետք է ցույց տան մեր պետության զարգացման վաղվա ուղենիշը: Այս պատճառով է նաև, որ մենք բոլորս լավ ենք գիտակցում գրագետ, ուսյալ, հայրենասեր երիտասարդություն ունենալու կարևորությունը:

Սիրելի ուսանողներ

Համաշխարհայնացման ներկա ժամանակներում, երբ մարդը «աշխարհի քաղաքացի» է, մեր առջև հառնում են նոր մարտահրավերներ: Այսօրվա երիտասարդությունը, այսօրվա ուսանողությունը առավել շատ պետք է կարևորի որակյալ և բարձրակարգ կրթությունը, դեմքով շրջվի դեպի ինքնազարգացման, կատարելագործման և վերապատրաստման բոլոր այն հնարավորությունները, որոնք այսօր լիուլի տրվում են: Այսօր անձի ու նաև պետության առաջընթացի միակ ճանապարհը մրցունակ լինելն է:

Կրթության հարգն իմացող մեր ժողովրդի համար ներկայում  էլ բարձրագույն կրթությունը շարունակում է մնալ բարձր արժեք: Կայուն ավանդույթների շարունակմամբ ու նոր զարգացումներին համահունչ համալսարանական կրթություն է տրամադրում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այն բոլորիդ աչքի առաջ օրեցօր փոխվում է՝ փորձելով բարձրացնել կրթության որակը, միաժամանակ չմոռանալով արդիականացման մասին: Բոլորիս ջանքերով մենք պետք է բարեփոխենք մեր միջավայրը այն բարի նպատակադրումով ու գիտակցությամբ, որ սա բոլորիս կրթօջախն է և որ այստեղ ստացած կրթությունը ձեզ համար ճանապարհ է հարթում դեպի մեծ կյանք՝ մասնագիտական կայացման և ձեռքբերումների ուղի:

Շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա առթիվ, մաղթում առողջություն, նպատակների իրականացում, անձնական երջանկություն և ընտանեկան բարօրություն:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ