Ստաժավորում՝ ուսանողների համար. հրավիրում է «ԱրմենՏել»-ը

Դիտումների քանակ՝ 2711

Այսօր մեր համալսարանում տեղեկատվական հանդիպում էր «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) հեռահաղորդակցային ընկերության աշխատակիցների հետ: Հանդիպումը կազմակերպել էր շարունակական կրթության և կարիերայի բաժինը, հյուրերին ներկայացրեց բաժնի պետ Աիդա Առուստամյանը:

Հյուրերն էին ընկերության աշխատակազմի համալրման և պահպանման առաջատար մասնագետներ Գոհար Գալստյանը և Վարդուհի Զորանյանը:  Ուսանողներին ներկայացվեց 2017-2018 թթ.  «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը, որը բանիմաց, ստեղծարար մտքով, բարձր առաջադիմությամբ, լեզուների իմացությամբ ու նպատակասլաց ուսանողներին առաջարկում է ձեռք բերել մասնագիտական փորձառություն՝ իրենց գիտելիքները կիրառելով գործնական դաշտում, աշխատելով բարձրակարգ փորձագետների ղեկավարությամբ, անցնելով մասնագիտական լրացուցիչ ուսուցում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գոհար Գալստյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում բակալավրիատի, մագիստրատուրայի շրջանավարտներին, ինչպես նաև 3-րդ կուրսն ավարտած ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ստաժավորում (վճարովի) անցնել ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` վաճառքի, ցանցերի շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, ֆինանսական և այլն: Ամառվա ամիսներին աշխատանքը կլինի լրիվ ծանրաբեռնվածությամբ, իսկ դասերի մեկնարկից հետո հնարավորություն կստեղծվի համատեղելու ուսումն ու աշխատանքը:  Ստաժավորումը լավագույնս անցած ուսանողներին կընձեռվի հիմնական աշխատանքի հնարավություն:

Մասնագետը հանգամանորեն ներկայացրեց դիմելու և հայտագրման կարգը, պատասխանեց ուսանողների հարցերին: Մասնակիցներին բաժանվեցին դիմում-հայտերի ձևաթղթեր, որոնք լրացվեցին տեղում, և ուսանողները հնարավորություն ստացան մասնակցելու հաջորդ փուլին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին