«Շնորհակալ եմ` չապրածդ գարուններն ինձ նվիրելու համար…». հիշատակի միջոցառում՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

Դիտումների քանակ՝ 5219

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում օրը նշանավորվեց Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված՝ քոլեջի սաներ Գոռ Կիրակոսյանին և Սարգիս Գասպարյանին, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և մայիսյան եռատոնին նվիրված  հուզառատ  հուշ-ցերեկույթով: Միջոցառմանը ներկա էին քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը, դասախոսները, հերոս Գոռ Կիրակոսյանի ծնողներն ու հարազատները, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի քարտուղար Վոլոդյա Բարսեղյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս  Տիգրան Նիկողոսյանը, ուսանողներ, հյուրեր: Ցերեկույթը կազմակերպել էին դասախոսներ Շողիկ Այդինյանը, Լիանա Մանվելյանը, Ալիսա Քարամյանը:

Բեմահարթակում քոլեջի շնորհալի սաներն էին՝ երախտիքի ու խոնարհումի խոսքով, հոգեբուխ աղոթքով ու հիշատակի երգով: Ուսանողներն արցունքն աչքերին խոսեցին   իրենց հերոս-ընկերների՝ Գոռի ու Սարգսի մասին, պատմեցին նրանց պատանեկան հուշերը, կարդացին նամակները: Քառօրյայում ընկած ամեն մի մարտիկի անունն ու սխրանքը  եկող սերունդները միշտ հիշելու և հպարտանալու են. հավաստիացնում էին ուսանողներն ու երախտիքի խոսք ասում առյուծ որդիների ծնողներին: «Շնորհակալ եմ չապրածդ գարուններն ինձ նվիրելու համար, զինվոր…». հնչում էր երիտասարդի  դողացող  շուրթերից:

Միջոցառման երկրորդ հատվածում պատանիները ոգեկոչեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ շեշտադրելով, որ նոր սերունդը պահանջատեր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:  Ուսանողները պատմական ակնարկ կատարեցին՝ ներկայացնելով աշխարհի հնագույն  ազգերից մեկի՝ հայ ժողովրդի անցած դարավոր ուղին. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Բազում արհավիրքներ հաղթահարած, պատերազմների բովում կոփված ու աննկուն հայն ապրում է՝ մաքառելով   հայրենի հողում խաղաղ ու անվրդով ապրելու իր իրավունքի համար, և անշուշտ, նա  անպարտելի է.  սա է երիտասարդների համոզմունքը:

Միջոցառումն ավարտվեց լավատեսությամբ ու հույսով: Անդրադառնալով մայիսյան Եռատոնին՝ ուսանողները թերթեցին հայ ժողովրդի փառավոր հաղթանակների էջերը: Ծածանելով հայոց եռագույնը՝ նրանք  ուրվագծեցին շեն ու հզոր Հայաստանի տեսլականը,  ներկաներին վստահեցրին, որ իրենք  հայի հաղթական ոգու ու անկոտրում կամքի կրողն են, հերոսների հիշատակը պահողն ու նրանց փառաբանողը և նախանձախնդիր են Հայաստանի խաղաղության ու զարգացման գործում: Հատկանշական է, որ հուշ-ցերեկույթն ամփոփվեց քոչարիով. հաղթական պարում ուսանողների աչքերում հուսառատություն ու վճռականություն էր:

Միջոցառման ավարտին երախտագիտական խոսքով հանդես եկան Գոռ Կիրակոսյանի հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը, Ավագ Հակոբյանը, Վոլոդյա Բարսեղյանը, Տիգրան Նիկողոսյանը, դասախոս Էմմա Տանայանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին հերոսների ծնողներին, հարազատներին, ապա՝ ուսանողներին ու կազմակերպիչներին՝ նրանց հիշատակը վառ պահելու և նման բովանդակալից, հայրենասիրական միջոցառման համար:

Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ռազմագիտության լսարանն անվանակոչվել է Գոռ Կիրակոսյանի անունով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի   բաժին