Ավարտական աշխատանքների պաշտպանության գործընթացը արտացոլում է մեր տարիների աշխատանքը. Կորյուն Աթոյան
Յուրաքանչյուր համալսարանի կյանքում ավարտական շրջանը կարևոր շրջափուլ է, քանի որ այն համահավաք կերպով և բազմակողմանիորեն ներկայացնում է կրթական, ուսումնական գործընթացում հաստատության տարիների ջանքերը: Այս կարծիքին է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ով ակտիվորեն ներգրավված է ՀՊՏՀ-ում ապրիլի 28-ից մեկնարկած ամփոփիչ ատեստավորման գործընթացում և այս օրերին շրջում է ավարտական կուրսերում, ներկա գտնվում ուսանողների կողմից ավարտական աշխատանքների պաշտպանությանը:
Այսօր մեր համալսարանի ղեկավարն այցելեց կառավարում և միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների առկա բակալավրիատի ուսանողներին, որոնք ներկայացուցչական հանձնաժողովների առջև ներկայացնում էին իրենց ավարտական աշխատանքները: Ռեկտորը մեկական ելույթներ ունկնդրեց յուրաքանչյուր կուրսում. կառավարում մասնագիտության ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացնում էր «Էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը ՀՀ պետական հաստատություններում» թեմայով աշխատանքը, իսկ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության ուսանողուհի Էմիլյա Գալստյանը՝ «Արտահանման ներուժի իրացումը ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում» թեմայով աշխատանքը:
Կորյուն Աթոյանի խոսքով, համալսարանի գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է, որի ուղղությամբ անընդհատ նոր քայլեր ու լուծումներ են իրականացվում: «Կրթական ծրագրերի արդիականացումից, մասնագիտությունների հստակեցումից մինչև ուսումնական գործընթացի բովանդակային բարեփոխում, կրթական միջավայրի արդիականացում, անհրաժեշտ պայմանների ստեղծում: Սա մեր գործունեության լայն սպեկտրն է, և ավարտական փուլն էլ յուրատեսակ ստուգատես է՝ ևս մեկ անգամ բացահայտելու անելիքները, թերություններն ու առավելությունները»,- համոզված է համալսարանի ռեկտորը:
ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանից տեղեկացանք, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացում այս տարի ներգրավված է առկա բակալավրիատի 844, հեռակա բակալավրիատի 459, առկա մագիստրատուրայի 270, Գյումրու մասնաճյուղի 138, Եղեգնաձորի մասնաճյուղի 81 ուսանողներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին