Առողջապահական տուրիզմը՝ առանցքում. հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2452

Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ստեփան Մանթարլյանի նախաձեռնությամբ զբոսաշրջության կառավարում մասնագիտության  2-րդ և հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 3-րդ կուրսերում «Զբոսաշրջային ծառայությունների որակի կառավարում» առարկայի շրջանակում այսօր անցկացվեց բաց դաս, որի բանախոսն էր
«ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ-կանադական բժշկական  կլինիկայի գլխավոր բժիշկ, ուրոլոգ Վարդգես Ավագյանը: Հանդիպմանը մասնակցում էին հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը, դասախոսներ:

Զբոսաշրջության մասնագետի համար կարևորելով բժշկագիտական իմացությունը՝ Վարդգես Ավագյանը ուսանողներին կոչ արեց առողջ կենսակերպ վարել ու քարոզել, կանխարգելիչ բուժզննումներ անցնել, ուղղորդվել միայն բժշկի խորհդատվությամբ:

«Տուրիզմի մասնագետներդ պետք է իրազեկ լինեք Հայաստանում իրականացվող բժշկական ժամանակակից ծառայություններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին գրագետ ուղղորդել»,-բժշկի հորդորն էր ուսանողներին:

Անդրադարձ կատարվեց լայն տարածում գտած հիվանդություններին. նշվեցին նորագոյացություններից խուսափելու եղանակներ:

Քննարկվեցին նաև Հայաստանում առողջապահական զբոսաշրջության հեռանկարները:

Մեզ հետ զրույցում Ստեփան Մանթարլյանն ընդգծեց. «Արտասահմանյան բուհերում դասախոսները շատ են կարևորում տուրիզմ մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողների բժշկական գիտելիքները, առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունը: Մենք էլ, մեր հերթին, այս ձևաչափի միջոցառումներով, փորձում ենք նպաստել ուսանողների բժշկագիտական իմացության բարձրացմանը»:

Հանդիպման ավարտին բժշիկը  պատասխանեց ունկնդիրների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին