Ամրապնդելով ազգ-բանակ կապը. ՀՊՏՀ ՈՒԽ-ն՝ «Մենք Արցախն ենք» ծրագրով՝ Արցախում
ՀՊՏՀ ուսանողները համախմբվել են ուսանողական խորհրդի «Մենք Արցախն ենք» ռազմահայրենասիրական դաստիարակության նոր ծրագրի ներքո: Ծրագրի մեկնարկը տրվել է ապրիլի 28-ին. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ու ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը հանդիպել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ (հանդիպմանն անդրադարձել ենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում, տես՝ այստեղ): Հաջորդիվ՝ ապրիլի 29-30-ը տասնյակ ուսանողներ գտնվել են Արցախի Հանրապետությունում, այցելել զորամասեր, սահմանամերձ գյուղի դպրոց, պատմամշակութային վայրեր:
Ուսանողները նախ եղել են Հադրութի շրջանի Առաջամուղի զինավանում, ապա՝ Զաբել Եսայանի անվան հիմնական դպրոցում: Համալսարանականները հանդիպել և զրուցել են դպրոցի տնօրեն Կարինա Մկրտչյանի և դպրոցականների հետ, աշակերտներին են հանձնել անակնկալ նվերներ, դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։ Սահմանամերձ գյուղի առաջավոր աշակերտներին խրախուսելու նպատակով ՀՊՏՀ-ականները ուսանողական խորհրդի կողմից հատուկ նվերներ՝ բջջային հեռախոսներ են հանձնել բարձր առաջադիմություն ունեցող 3 աշակերտի:
Ուսանողների հաջորդ հանգրվանը եղել է սահմանամերձ Ջրականի (Ջեբրաիլ) զորամասը, որտեղ նրանք ընթրել են զինվորականների հետ, այնուհետև կազմակերպել երաժշտական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին։ ՀՊՏՀ շնորհալի ուսանողները կիթառի և սաքսոֆոնի նվագակցությամբ հնչեցրել են հայրենասիրական երգեր՝ ազգային երգ ու պարի շուրջը համախմբելով նաև զինվորներին: Ապրիլի 30-ին ուսանողներն այցելել են Արցախի պատմամշակութային վայրեր, որից հետո ուղևորվել են Երևան:
Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ուսանողական կառույցի ղեկավար Սերգեյ Խառատյանն ասաց, որ «Մենք Արցախն ենք» խորագրով ծրագիրն իրականացվում է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հովանու ներքո. «Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերտացնելու ազգ-բանակ կապը: «Մենք Արցախն ենք» ծրագիրը ընդգրկուն է. դրա շրջանակում նախատեսվում են շարունակական այցելություններ դեպի արցախյան զորամասեր, դպրոցներ»:
Ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիրը նաև ճանաչողական է: Ուսանողները հնարավորություն են ստանում բացահայտելու հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը: Ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Արազյանը վառ տպավորություններ ունի դեպի Արցախ երկօրյա այցից:
«Առաջին հերթին մենք հնարավորություն ստացանք մեր զինվորի կողքին գտնվելու, նրան գոտեպնդելու: Ուշագրավ է, որ հանդիպեցինք ՀՊՏՀ ուսանողի, ով այժմ ծառայություն է անցնում Պաշտպանության բանակում: Ապա շփվեցինք արցախցու հետ, ճանաչեցինք մեր չքնաղ Արցախը, եղանք Դադիվանքում,Ստեփանակերտում, հանրահայտ «Պապիկ-տատիկ» արձանի մոտ և այլն: Ի դեպ, «Պապիկ-տատիկ»-ի արձանը տեսնելը իմ մանկության երազանքն է, որն իրականացավ այս ծրագրի շնորհիվ»,-պատմում է Շողերը և ընդգծում, որ իրավամբ, արցախցին ամուր է կառչած իր հողին, ուզում է ապրել ու արարել այնտեղ, անկոտրում կամք ու բարձր ռազմահայրենասիրական գիտակցություն ունի:
«Երբ դպրոցական տղաներին հարցրի՝ ինչ են ուզում դառնալ, բոլորը միաձայն պատասխանեցին՝ զինվորական, հրամանատար: Այսինքն, նրանք մանկուց են քաջ, ոգով մարտիկ են, իրենց հողի պաշտպանը, ինչը հույս ու հավատ է ներշնչում ապագայի հանդեպ»,-ոգևորությամբ նկատեց ուսանողուհին:
Լուսանկարները՝ ՈւԽ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին