ՀՊՏՀ-ում ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը. ՀՊՏՀ ռեկտորն այցելեց ավարտական կուրսեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է առկա բակալավրիատի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որը մեկնարկել էր ապրիլի 28-ին: Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր շրջեց քննական լսարաններում, այցելեց ավարտական աշխատանքները պաշտպանող ավարտական կուրսեր, հարցեր հղեց ուսանողներին:
Կորյուն Աթոյանն առաջինն այցելեց բանկային գործի 4-րդ կուրսի ուսանողներին: Հանձնաժողովը՝ ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի կանխատեսումների բաժնի պետ, տ.գ.թ. Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ արդեն ծանոթանում էր ուսանողների ավարտական աշխատանքներին: Համալսարանի ռեկտորի այցի ժամանակ իր ավարտական աշխատանքն էր ներկայացնում ուսանողուհի Արփինե Ջրաղացպանյանը՝ «Բանկային ծառայությունների շուկայում ՀՀ առևտրային բանկերի մրցակցային դիրքի գնահատումը և դրանց ամրապնդմանն ուղղված միջոցառումները» թեմայով:
«ՄԱՊ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի նախագահությամբ հանձնաժողովին իրենց ավարտական աշխատանքներն էին ներկայացնում աուդիտ, տնտեսագիտական վերլուծություն մասնագիտության ուսանողները: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուսանողուհի Աննա Թովմասյանի «Գործառնական ծախսերի վերլուծությունը» թեմայով աշխատանքը լսելուց հետո նրան հարցեր տվեց հայաստանյան բանկերի գործունեության վերաբերյալ՝ ակնկալելով տնտեսագետի պարզաբանում: Աշխատանքի պաշտպանությունն անցավ ակտիվ մթնոլորտում, հանձնաժողովների անդամները ևս թեմայի վերաբերյալ հարցեր ունեին ուսանողուհուն:
Հողագույքային հարաբերություններ մասնագիտության ուսանողները ևս այսօր ավարտական աշխատանքների պաշտպանության էին: Հանձնաժողովը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակզմի ղեկավարի տեղակալ, տ.գ.թ. Գագիկ Եգանյանի գլխավորությամբ գնահատում էին ուսանողների ավարտական աշխատանքները: Ուսանողուհի Լյուբա Իրիցյանը ներկայացնում էր «Հողային հաշվեկշռի դերն ու նշանակությունը պետական և հողային քաղաքականության վարման ոլորտում» թեմայով աշխատանքը:
Հիշեցնենք, որ գործընթացի մեկնարկից առաջ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպել էր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների հետ՝ կարևորելով գործընթացը բարձր մակարդակով անցկացնելու հանգամանքը: Մեր այդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ asue.am/am/մեդիա/նորություններ-143/հերթական-թողարկմանն-ընդառաջ-հպտհ-ռեկտորը-հանդիպեց-ամփոփիչ-ատեստավորման-հանձնաժողովների-նախագահներին-2988:
Տեղեկացնենք նաև, որ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի պաշտպանությունները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը, իսկ հեռակա բակալավրիատում մեկնարկը կտրվի մայիսի 29-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին