Հերթական թողարկմանն ընդառաջ. ՀՊՏՀ ռեկտորը հանդիպեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներին

Դիտումների քանակ՝ 2367

ՀՊՏՀ-ում պատրաստվում են հերթական թողարկմանը: Արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, ձևավորվել և հաստատվել են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները: Ապրիլի 28-ից կմեկնարկի առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների և առկա մագիստրատուրայի ավարտական թեզերի պաշտպանության գործընթացը:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանն ու Միհրդատ Հարությունյանը այսօր հանդիպեցին ՀՊՏՀ 2016-2017 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների հետ:

ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց հանձնաժողովների նախագահներին՝ ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները ղեկավարելու առիթի համար, ապա անդրադարձավ գործընթացի կազմակերպմանը՝ կարևորելով այն հնարավորինս օբյեկտիվ անցկացնելու հանգամանքը: Կորյուն Աթոյանի խոսքով, մեր համալսարանի համար գերակա է կրթության որակի բարելավումը հատկապես հիմա, երբ կրթական ոլորտի առաջ բազմաթիվ են մարտահրավերները: Համալսարանի ռեկտորի խոսքով, ամփոփիչ ատեստավորման գործընթացը լայն հնարավորություն կընձեռի հանձնաժողովներին թե օբյեկտիվ ձևով ստուգելու ուսանողների գիտելիքները, և թե գնահատելու նրանց: «Պետության, տնտեսության զարգացման գործում առանցքային է կրթության դերը, ուստի մենք պատասխանատվություն ենք ստանձնել բարելավելու կրթության որակը, ինչն այնքան էլ դյուրին չէ»,- նշեց Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ևս շնորհակալություն հայտնեց հանձնաժողովների նախագահներին՝ կրթության ավարտական փուլում՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացում ՀՊՏՀ-ին աջակցելու համար: Այնուհետև պրոռեկտորը պարզաբանեց ամփոփիչ ատեստավորման կարգը, գործընթացի կարևորագույն կետերը՝ շեշտելով, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2011թ. հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգի համաձայն: Կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/usumnakan_bajin/2017/Karg_usum._2017t._april.pdf:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին