ՀՊՏՀ-ն հետաքրքրել է ավստրիացի ուսանողներին. դասախոսություն մեր համալսարանում
Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանի բակալավրիատի մի խումբ ուսանողներ եռօրյա այցով Հայաստանում են: Ուսանողներին հետաքրքրել է Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը և նրանք ցանկություն են հայտնել համալսարանում հյուրընկալվելու, դասախոսություն ունկնդրելու: Ընդառաջելով ցանկությանը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի և ուսումնական բաժինները, օտարերկրացի ուսանողների համար այսօր կազմակերպեցին «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը» թեմայով դասախոսություն, որը վարեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը և բաժնի աշխատակիցները, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Ավստրիացի ուսանողներին և նրանց դասախոս-հետազոտող Եվա Մարտինա Դեյվիդին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ ուրախ է նրանց աշխարհի հնագույն երկրներից մեկում՝ Հայաստանում, ապա հնագույն համալսարաններից՝ ՀՊՏՀ-ում տեսնելու համար:
Դասախոսությունը խարսխված էր ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների վրա: Դիանա Գալոյանը մատնանշեց այն հիմնական պատճառները, որի համար մեր երկիրը միացավ նշված տնտեսական կառույցին: Գլխավոր պատճառները թվարկելիս բանախոսն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է: Նշելով, որ Հայաստանը փոքր, բաց տնտեսություն է, հարևան 2 երկրի հետ փակ սահման ունի, չունի ելք դեպի ծով՝ Դիանա Գալոյանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական տեսանկյունից դիտարկեց, ապա կանգ առավ անդամակցությունից հետո ՀՀ ապրանքաշրջանառության ծավալների վրա:
Բանախոսությունը հագեցած էր ուշագրավ պարզաբանումներով: Թեման արդիական էր, ուստիև հարցեր ուղղեցին բոլոր ուսանողները՝ հետաքրքրվելով Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության տարբեր ուղղություններով: Հյուրերը տեղեկություններ ստացան նաև ՀՊՏՀ-ի մասին՝ որպես ժամանակակից կրթական հաստատության և հատկապես հետաքրքրվեցին, թե որքանով է այն ներգրավված միջազգային կրթական ու գիտահետազոտական ծրագրերում:
Ավստրիացի ուսանողները ՀՊՏՀ-ից հեռացան վառ տպավորություններով և կրկին հյուրընկալվելու ցանկություն հայտնեցին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին