ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվել են Իտալիայում

Դիտումների քանակ՝ 2594

Մարտի 20-31-ը ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյանը և կառավարման ամբիոնի ասիստենտ Տիգրան Մնացականյանը Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել են «Բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիոն ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակում կազմակերպված «Զբոսաշրջության զարգացման տնտեսագիտություն» վերապատրաստման դասընթացին: Բոլոնիայի համալսարանի դասավանդողների հետ վերապատրաստման մասնակիցները քննարկել են մի շարք թեմաներ, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը և զբոսաշրջությունը, զբոսաշրջության տնտեսագիտությունը, մշակութային տնտեսագիտությունը, զբոսաշրջության ոլորտում մեծ տվյալները, բիզնես-մոդելի ձևավորումը, մշակույթի և զբոսաշրջության նշանակությունը տեղական կայուն զարգացման գործում, զբոսաշրջության ոլորտում ռազմավարական մոտեցումները, զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության կազմակերպումը և մարդկային ռեսուրսների կառավարումը, զբոսաշրջության ոլորտում անորոշությունը, վեբ-հեղինակության և արդյունավետության չափման համակարգերը:

Այս մասին տեղեկացնում են դասախոսներն ու նշում, որ ծրագրում ներառված են եղել  այցեր Ռիմինիի քաղաքապետարան և նորարարական կենտրոն, հին հռոմեական հուշարձաններ, Ռավեննա և Սան Մարինո, որտեղ վերապատրաստման մասնակիցները ծանոթացել են  տեղական զբոսաշրջության զարգացման մոտեցումներին: Վերապատրաստմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Գորիսի պետական համալսարանի, ինչպես նաև Վրաստանի մի շարք բուհերի ներկայացուցիչներ:

Նախատեսվում է ստացած փորձի հաղորդման նպատակով կազմակերպել գործընկերային սեմինար-քննարկումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին