Գիտական սեմինար՝ ԿԲ ԴՎՔ վարչության պետի բանախոսությամբ

Դիտումների քանակ՝ 2233

Օրեր առաջ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ,  համաձայն որի՝ մեր համալսարանում գիտական սեմինարների շրջանակում  բանախոսություններով  հանդես են գալիս  պետական կառավարման մարմինների այն վարչությունների ու բաժինների ներկայացուցիչները, որոնց հետ ամբիոնը մասնագիտական առնչություն ունի:

Այսօր հերթական սեմինարն էր. բանախոսը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն էր: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գրիգորյանը, նշված ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը,  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, մագիստրանտներ, ասպիրանտներ:

Սեմինարի թեման ԿԲ դրամավարկային քաղաքականությունն էր: Վահագն Գրիգորյանն անդրադարձավ ԴՎ քաղաքականության առանցքային կողմերին, գիտական հիմնավորումներին, ժամանակակից տեսական մոտեցումներին և կիրառական հիմնահարցերին՝ կանգ առնելով հատկապես դրամավարկային քաղաքականության սկզբունքների, հաշվետվելիության վրա:

Ունկնդիրները հարցադրումներ  ներկայացրին, ձևավորվեց բանավիճային մթնոլորտ:

Ամբիոնի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ նախատեսվում են վերոնշյալ վարչության հետ գիտական համագործակցության տարբեր ուղիներ: Ինչպես մեզ հետ զրույցում նա ավելի վաղ հայտնել էր՝ գիտական սեմինարների վերջնարդյունքում նախատեսվում է քննարկվելիք թեմաները ներառել ամբիոնի կողմից դասավանդվող առարկայական ծրագրերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին