Փորձի փոխանակում՝ ESPAQ ծրագրի շրջանակներում
Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ-ի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 3-ից 6-ը Իտալիայի Մաչերատայի համալսարանում կազմակերպվել են ծրագրի հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ և կլոր-սեղաններ՝ որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման ուղղությամբ եվրոպական փորձի փոխանակման և տարածման նպատակով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերոնշյալ հանդիպումներին ներկայացրել է որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանը, որը քննարկումների ժամանակ ներկայացրել է որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրաման ՀՊՏՀ փորձը:
Այս մասին հայտնում է Աննա Փախլյանը՝ նշելով, որ Մաչերատայի համալսարանը հիմնադրվել է 1290 թվականին և համարվում է Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը (մանրամասն տե՛ս UNIMC, http://www.unimc.it/en): Հանդիպումների ժամանակ քննարկվել են որակի ապահովման համակարգը Մաչերատայի համալսարանում, ուսանողներին մատուցվող ծառայությունների որակի կառավարումը հեռավար ուսուցման ծրագրերում, հետազոտության գնահատման փորձառությունը որակի ապահովման տարբեր համակարգերում և այլ հարցեր:
Ապրիլի 6-ին հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև Մաչերատայի համալասարնում կազմակերպվող «Միջազգային սեմինարների շաբաթի» ամփոփիչ համաժողովին, որտեղ ի թիվս աշխարհի տարբեր երկրների (Շվեդիա, Շոտլանդիա, Բրազիլիա, Չինաստան, Հոնգկոնգ, Ուկրաինա, Սլովենիա և այլն) հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչների՝ հնարավորություն ունեցավ ներկայացնելու Հայաստանն ու հայկական բուհական համակարգը:
Իսկ մինչ այդ՝մարտի 20-23-ը ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը Էդինբուրգում (Շոտլանդիա) մասնակցել են Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի աշխատանքային հանդիպմանն ու «Շոտլանդիայում որակի ապահովմանն ուսանողական համագործակցություն» գործակալության (sparqs) կազմակերպած միջազգային պատվիրակների օրվան ու միջազգային գիտաժողովին։
Աշխատանքային երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի արդեն իսկ ձեռքբերված արդյունքներն ու ընթացիկ գործողությունները։ Մասնավորապես, ամփոփվել են ծրագրի աշխատանքային չորրորդ փաթեթի աշխատանքները, որի պատասխանատուն ՀՊՏՀ-ն էր։ Ներկայացվել են աշխատանքային հինգերորդ և ութերորդ փաթեթների գործողությունների պլանները, սահմանվել ծրագրի հետագա քայլերը։ Աշխատանքային հինգերորդ փաթեթի՝ «Որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ապահովման նպատակով ուսանողական միությունների կարողությունների զարգացում» շրջանակներում նախատեսվում է իրականացել ուսանողների փոխանակում և որակի ապահովման պատասխանատուների և աշխատակիցների փորձի փոխանակման այցեր, մշակել ուսանողական ձեռնարկ՝ ուսումնառության փորձի բարելավման նպատակով։ Ծրագրի ութերորդ փաթեթը, որն ուղղված է արդյունքների կայունության ապահովմանը, նախատեսում է ուսանողների գերազանցության ազգային կենտրոնի ստեղծում։
Միջազգային պատվիրակների օրը տարբեր երկրների ուսանողները, որակի ապահովման փորձագետներն ու աշխատակիցները հյուրընկալվել են Շոտլանդիայի Ստիրլինգի համալսարանում, որտեղ ուսանողական միության անդամները ներկայացրել են որակի ապահովման գործընթացներում ուսանողներին ներգրավման իրենց համալսարանի փորձը։ Միջազգային գիտաժողովը կրել է «Նշելով որակի ապահովմանն ուսանողության ձայնի ազդեցությունը» խորագիրը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին