ՀՊՏՀ ներկայացուցիչները եղել են մայրաքաղաքի թիվ 198 ավագ դպրոցում

Դիտումների քանակ՝ 2113

Տնտեսագիտական համալսարանի և ավագ դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակում  փոխադարձ այցելությունները  շարունակվում են: Ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Կարմեն Գրիգորյանն երեկ այցելել են Երևանի թիվ 198 ավագ դպրոց (որի հետ ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր ունի), հանդիպել տնօրեն Արտաշես Թորոսյանի, ապա ավարտական դասարանների աշակերտների հետ:

ՀՊՏՀ դասախոսներն անդրադարձել են համալսարանի ֆակուլտետներին, մասնագիտություններին, ընդունելության պայմաններին, ուսման վարձավճարներին, զեղչային համակարգին, ուսանողական առօրյային, պատասխանել աշակերտների հարցերին: Դպրոցականների ուշադրությանն է ներկայացվել ՀՊՏՀ-ի մասին պատմող ֆիլմ, տրամադրվել են «Տնտեսագետ» պաշտոնական ամսագրի համարներ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Կարագուլյանը՝  Տնտեսագիտական մայր բուհն աշակերտների, դիմորդների հետաքրքրության կենտրոնում է, և առաջիկայում նախատեսվում է նրանց հյուրընկալել համալսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին