«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիան թողարկել է էլեկտրոնային պարբերական

Դիտումների քանակ՝ 2113

Համալսարանի գիտաուսումնական լաբորատորիաները շարունակում են համալրել մեր  հաստատության պարբերականների շտեմարանը։ Այսօր իր անդրանիկ՝ «Հայաստան. Ինովացիոն և ինստիտուցիոնալ զարգացումներ» էլեկտրոնային հանդեսն է թողարկել «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիան։ Լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ էլեկտրոնային հանդեսը թողարկվել է հայերենով և անգլերենով և ներառում է  Հայաստանի տնտեսության սուբյեկտների ինովացիոն գործունեության միկրոմիջավայրի, նրանում առկա հնարավորությունների և փոփոխության միտումների վերլուծություն՝ հիմնված Ազգային վիճակագրական ծառայության լայնածավալ փորձնական հարցման տվյալների վրա։ Այժմ նախապատրաստվում է նաև հանդեսի ռուսերեն տարբերակը։

Էլեկտրոնային հանդեսում նաև ամփոփ ներկայացված են դիտարկումներ և գնահատականներ  Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության օբյեկտների ստեղծման և առևտրայնացման հիմնական միտումների վերաբերյալ։  Հանդեսի վերջին հատվածում, ըստ լաբորատորիայի ղեկավարի, կատարված է տնտեսական աճի և բնակչության եկամուտների վրա ինստիտուցիոնալ գործոնների ազդեցության վերլուծություն և գնահատում՝ տնտեսաչափական մոդելի հիման վրա։

«Մեր լաբորատորիան ինտենսիվ աշխատում է ինովացիոն և ինստիտուցիոնալ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված ու հետազոտական հակումներ ունեցող մագիստրանտների, ինչպես նաև տվյալ թեմաներով հետազոտական աշխատանք կատարող ասպիրանտների հետ»,- ասաց լաբորատորիայի ղեկավարը։ Ըստ Ատոմ Մարգարյանի՝ էլեկտրոնային հանդեսի առաջիկա թողարկումները լինելու են առավելապես ճանաչողական, կողմնորոշիչ ու տեղակատվական բնույթի։ Իսկ  հետագայում տպագրական չափանիշները կխստացվեն ու կմոտեցվեն միջազգային ստանդարտներին։  «Ես հույս ունեմ, որ ոչ միայն մեր համալսարանի տաղանդավոր երիտասարդ հետազոտողների, այլև մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի ի վերջո ունենալ միջազգային հետազոտական հարթակներում վստահություն վայելող էլեկտրոնային պարբերական, որը, ինչու չէ, որոշ ժամանակ հետո կարող է ներառվել վարկանիշ շնորհող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների (Scopus, Web of Science) բազաներում»,-հավելեց պարոն Մարգարյանը։

Պարբերականին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին