«Տնտեսագետը»` հետաքրքրական, կարևոր մեկնաբանությունների ու բացահայտումների կրող

Դիտումների քանակ՝ 1567

«Տնտեսագետի» 2018 թվականի առաջին համարն սկսվում  է համալսարանում երկու կարևոր միջոցառումների՝ ՀՊՏՀ խորհրդի և ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստերի լուսաբանմամբ: Այդ նիստերում ամփոփվեց համալսարանի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեությունը, նախանշվեցին հետագա անելիքները:

Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Արարատ Հակոբյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առիթով, վերլուծում է հայոց բանակի ամրության, մարտունակության անհրաժեշտությունը, Ազգ-բանակ հայեցակարգը: Նույն խորագրի ներքո մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար Կարեն Գրիգորյանը վերհիշում է զինվորական ծառայության իր փորձն ու շնորհավորում բանակի տոնը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի նոր հաջողությունն է ոգևորում բոլորին. այն ճանաչվել է Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններից մեկը:

Մեր համալսարանի տնտեսագետ գիտնականները մեկնաբանում են մեր օրերում մեծ աղմուկ բարձրացրած կրիպտոարժույթները, դրանց տեղն ու դերը երկրների տնտեսական կյանքում, հնարավոր զարգացումները:

Դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկար»-ում անդրադարձ կա «Դավոս-2018»-ին, ինչպես նաև Հայաստանի և աշխարհի հետաքրքրական տնտեսական նորություններին:

Համալսարանում ստեղծվել է երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիա. այս մասին կրկին կպատմի «Տնտեսագետը»:

ԵԽ ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանի հետ հարցազրույցը ներկայացնում է Հայաստանում քաղաքական գործիչների երիտասարդ սերնդի իմացությունների ընդլայնման և քաղաքական ժողովրդավա­րական մշակույթի խորացման երևանյան դպրոցի դերակատարությունը, գործունեության սկզբունքները, նպատակները:

Դոցենտ Զուխրա Երվանդյանի հոդվածը Գրիգոր Գուրզադյանի՝ աշխարհահռչակ տիեզերագետի, արվեստագետի, գրողի մասին է:

«Մեր շնորհալիները» խորագրի հերոսը «Ամենախելացին» հեռուստախաղի հաղթողն է՝ Հայկազ Մելքումյանը:

Ամսագրի տաղավարում է նաև շախմատիստ Տիգրան Հարությունյանը:

«Անվանի տնտեսագետներ»-ի  շարքում հիշում ենք Հայկազ Գրիգորյանին՝ որպես գիտնական-մանկավարժ-հետազոտողի, արհեստավարժ մասնագետի ու պարզապես հմայիչ մարդու:

«Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները: Առանձին էջեր են նվիրված ԵՄ «Էրազմուս+» ծրագրի գործողություններին ու մարզական իրադարձություններին:

Գրականության և արվեստի սիրահարներին են ուղղված «Ստեղծագործում են մեր գործընկերները» և «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրերը:

«Մշտադիտարկում»-ում ֆինանսական շուկաների հոկտեմբեր-հունվար զարգացումների շարժընթացն է:

«Տնտեսագետի» 2018 թ. հունվար-փետրվարյան համարի մասին՝ համառոտ այսքանը: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝հետևյալ հղումով՝ https://asue.am/upload/files/magazine_economist/TERT2018-1.pdf

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին