Այց՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան
2018թ․ հունվարին Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG, 561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի շրջանակում «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի համակարգողներ՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը հյուրընկալվել են Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում։
Ինչպես նշում է ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, աշխատանքային այցի նպատակն է եղել «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսումնառության երկրորդ տարվա՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող մասի բովանդակային հարցերի և ուսումնական պլանի քննարկումն ու վերջնականացումը, ինչպես նաև ուսանողների այցի հետ կապված ֆինանսական, տեխնիկական և վարչական հարցերի կարգավորումը։ Հնգօրյա աշխատանքային այցի ընթացքում համատեղ կրթական ծրագրի համակարգողները հանդիպումներ են ունեցել ծրագրի բովանդակային բաղադրիչների պատասխանատուների՝ գեոդեզիայի ու քարտեզագրության, բիզնեսի և զբոսաշրջության դպրոցների ներկայացուցիչների հետ։ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային կապերի պատասխանատուի հետ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին (ՀԳ1) դիմելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ նշված համալսարանի պրոռեկտորի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հավելյալ համաձայնագրի կնքման հարցը, որը կկարգավորի «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսումնառության երկրորդ տարվա իրականացման, գնահատման, նյութական, ֆինանսական, տեխնիկական ու մարդկային ներուժով ապահովման հարցերը:
Հիշեցնենք, որ “HERITAG” եռամյա ծրագրի նպատակն է իրականացնել բարեփոխումներ՝ ուղղված մշակութային ժառանգության փաստաթղթավորմանը, զբոսաշրջության կառավարման և ձեռներեցության համար կիրառելի գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմանը՝ կրթությանը շարունակապես ինտեգրելու նպատակով: Ծրագիրը նպաստում է շահակիցների երեք հիմնական խմբերի՝ համալսարանների, ոլորտի ձեռնարկությունների և հանրային կառավարման մարմինների միջև սիներգիայի ձևավորմանը: Ծրագրային բարեփոխումները ենթադրում են Հայաստանի և Վրաստանի գործընկեր համալսարանների համար կարողությունների զարգացում: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն առկա է սույն կայքում՝ heritag.am:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին