Աշխատաժողովներ՝ ESPAQ-ի շրջանակում. Հայաստանը համախմբել է արտասահմանցի ուսանողներին
ԵՄ Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի շրջանակում տարբեր երկրներում կազմակերպվում են ուսանողական աշխատաժողովներ, որի հարթակում համախմբվում են մասնակից երկրների ուսանողներն ու քննարկում որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության վերաբերյալ հարցեր, իրականացնում փորձի փոխանակում: Այս փուլում աշխատաժողովները տեղի են ունենում Հայաստանում՝ տարբեր համալսարաններում: Լեհաստանից, Շոտլանդիայից, Իռլանդիայից, Լատվիայից 4-ական ուսանող-փորձագետներ այս օրերին մեր երկրում են և հայ ուսանողների հետ մասնակցում են աշխատանքային հանդիպումների: Հանդիպումներին ներկա են գտնվում «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակի, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներ:
Հերթական աշխատաժողովն այսօր անցկացվել է ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում: Այս մասին մեզ տեղեկացրեց ծրագրի համակարգող, կառավարման ամբիոնի ասիստենտ Սարգիս Ասատրյանցը: Նրա խոսքով՝ վերջնարդյունքում ակնկալվում է ձևավորել ազգային ուսանողական փորձագիտական խումբ, որն ակտիվորեն կներգրավվի որակի ապահովման, ինչպես նաև տարբեր բուհերի հավատարմագրման գործընթացներում:
Հիշեցնենք՝ ESPAQ-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է ընդլայնել ուսանողների մասնակցությունը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին