ՀՊՏՀ աշխատակիցը մասնակցել է ՌԴ հեղինակավոր ինստիտուտի միջազգային դպրոցին

Դիտումների քանակ՝ 2472

ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Աթոյանը ս.թ. ապրիլի 2-8-ը մասնակցել է ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) կողմից կազմակերպված «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. խնդիրներ և հնարավորություններ» խորագրով Երիտասարդ քաղաքագետների IX միջազգային դպրոցին, որն անցկացվել է դասընթաց-գիտաժողովի ձևաչափով:

Բացման խոսքով հանդես է եկել ինստիտուտի տնօրեն, 2004-2007 թթ.՝ ՌԴ վարչապետ, 2007-2016 թթ.՝ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը:

Դասընթացի շրջանակներում շուրջ 20 մասնակիցները ՌՌՀԻ առաջատար աշխատակիցների հետ համատեղ քննարկել են ԱՊՀ երկրների տարածաշրջանային ինտեգրացման առանցքային ասպեկտները, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերի իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ԱՊՀ երկրների քաղաքականության վրա այլ երկրների ազդեցության հնարավորությունները, ԵԱՏՄ տրանսպորտային ինտեգրացման ներուժը, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության վրա, ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը և այլ թեմաներ:

Բացի դասընթացից, Միջազգային դպրոցի մասնակիցները հանդես են եկել զեկուցումներով, որոնք առաջիկայում կհրապարակվեն առանձին ժողովածուով:

Գիտական միջոցառման շրջանակներում մեր գործընկերը հանդես է եկել «ԵԱՏՄ երկրների ուղեղային կենտրոնների փոխգործակցության հարցերը ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. մարտահրավերներ և հնարավորություններ» զեկուցմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին