Մենք կրում ենք նաև մեր մարտական ընկերների նպատակներն ու ձգտումները. հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Քառօրյա պատերազմին

Դիտումների քանակ՝ 4240

Ապրիլյան Քառօրյա պատերազմից մեկ տարի անց՝ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նախաձեռնել է հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ: Կեսօրին  Նոր Նորքի առաջին զանգվածում  գտնվող ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում նախորդ տարի այս օրերին բացված հուշարձան- խաչքարի մոտ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ուսանողներն ու Քառօրյայի մասնակից զինվորները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմում զոհված իրենց ընկերների հիշատակին՝ խոնարհելով ծաղիկներ:

ՀՊՏՀ ՈՒԽ նախաձեռնությունը շարունակություն ստացավ համալսարանի հանդիսությունների դահլիճում, որտեղ ներկա էին ՀՊՏՀ ռեկտորը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Պատվավոր հյուրերի շարքում էին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիրներ Հարություն Բադալյանը, որը մեր համալսարանի ուսանող է, Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

Ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ արդեն մեկ տարի է՝ ապրիլի առաջին օրերը մեզ համար նոր նշանակություն են ձեռք բերել. դրանք վավերացնում են ապրիլյան Քառօրյա պատերազմը: «Պատմությունը կրկին մեր ժողովրդին փորձության ենթարկեց, որից մենք դուրս եկանք պատվով՝ շնորհիվ մեր զինված ուժերի բարձր պատրաստականության ու մեր քաջարի զինվորների: Հայ ժողովրդի համար պատմության հերոսական հերթական էջը գրվեց տասնյակ կյանքերի արյան գնով: Մեր պայծառ տղաների անուրանալի ավանդի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել հարձակումը: Մեր խիզախ զինվորներն անձնուրացության, անձնազոհության վառ օրինակներ դարձան՝ մեզ պարգևելով հպարտության անասելի ապրումներ: Այսօր մենք ոգեկոչում ենք ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը ու նաև մեր երախտիքը հայտնում այն քաջարի զինվորներին, որոնց ավանդն անգնահատելի է: Այսօր մեր կողքին են այն բազմաթիվ տղաները, որոնք կենդանի հերոսներ են, որոնց սխրանքը հիշարժան է ու օրինակելի հատկապես երիտասարդ սերնդի համար»,- նշեց ռեկտորը և ներկայացրեց միջոցառմանը ներկա մասնակից հերոսներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ ցուցաբերած արիության համար: Կորյուն Աթոյանը նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռազմահայրենասիրական գործունեությունը առանցքային է՝բավական սերտ է բանակի հետ կապը, հաճախադեպ են մեր այցերը զորամասեր, իսկ ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները մեր համալսարանական առօրյայի կայուն բաղադրիչն են: «Ես շատ եմ կարևորում հայրենասիրության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերը, խրախուսում եմ բոլոր նախաձեռնությունները: Մեր երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ մեզ համար անչափ կարևոր է հայրենիքի անվտանգության պահպանումը, ուստի այս գիտակցության ամրապնդումը երիտասարդների շարքերում կարևոր աշխատանք է: Հուսանք ու հավատանք, որ հետագա տարիներին հնարավորություն կընձեռվի մեր երկրի զարգացումն իրականացնել խաղաղության պայմաններում: Մեր նպատակները, մեր հայրենիքի զարգացումը թող իրագործվի խաղաղ արարման պայմաններում՝ անամպ երկնքի ներքո»,- ասաց համալսարանի ռեկտորը:

Այնուհետև կարճ ելույթներով հանդես եկան միջոցառման հյուրերը: «Ամենակարևոր հարցը, որ կա այսօր, սա է՝ ի՞նչ դասեր քաղեցինք պատերազմից և ի՞նչ հետևություններ արեցինք: Մենք հասկացանք, թե ինչպես կարող էին երիտասարդ տղաները, չխնայելով իրենց կյանքը, հերոսանալ…Մենք պետք է մեր նպատակներով ու ձգտումներով հասնենք բարձունքների՝ դրանով վառ պահելով մեր ընկերների հիշատակը»,- ասաց Հարություն Բադալյանը: Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Շուլի Հակոբյանը՝ նշելով. «Մարդը այն ժամանակ է հասկանում, որ իր կատարած գործը գնահատվել է, երբ տեսնում է, որ գնահատում են իրեն: Մենք պետք է գիտակցենք, որ այսօր ազգի որակը և ապագան մենք ենք: Պիտի մտածենք, որ ունենք Արցախի խնդիր, բայց ունենք նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծման մասին պիտի մտածենք»: «Կռվի դաշտում հայ զինվորի նման ուժեղը չի գտնվի, բայց նաև պետք է հիշենք, որ հայ զինվորի հոգին շատ նուրբ ու փխրուն է, և նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն ոչ միայն մեզ համար, այլև ծառայությունը շարունակող և սահմանին կանգնած զինվորների համար»,- ասաց Գևորգ Մանուկյանը: Ռաֆայել Հովհաննիսյանը համեստորեն ամփոփեց զինակից ընկերների խոսքը՝ նշելով, որ ամեն ինչ ասվեց, ապա շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Բոլոր 4 հերոսներն էլ արժանիորեն են արժանացել են նման բարձրագույն պարգևի, նրանք բոլորն աչքի են ընկել ակնառու և բացառիկ սխրանքներով:

Հիշատակի և ոգեկոչման ցերեկույթը եզրափակվեց հարց ու պատասխանով: Հերոսներին հարցեր ուղղեցին հասակակից ուսանողները՝ նրանց ապրումների, խաղաղության մասին պատկերացումների, ապագայի, նպատակների մասին: «Այսօր մեր նպատակները և ձգտումները կրկնապատկվել, եռապատկվել և քառապատկվել են, որովհետև մեզ են փոխանցվել նաև մեր զոհված ընկերների նպատակները»,- շեշտադրեց Հարություն Բադալյանը:

Միջոցառումը եզրափակվեց լուսանկարահանումներով. հերոսների հետ նկարվելու ցանկություն ուներ ամբողջ դահլիճը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին