Գիտելիք ու հմտություն՝ ուսանողական աշխատաժողովում. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկա է գտնվել միջբուհական միջոցառմանը

Դիտումների քանակ՝ 2248

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, մարտի 25-26-ն անց է կացրել  «Ձեր հաջողությունը մեր նպատակն է» կարգախոսով «Հաջողություն» («Success») միջբուհական ուսանողական աշխատաժողովը, որը Տնտեսագիտական համալսարանի հարկի տակ համախմբել է հայաստանյան 7 բուհերի շուրջ 100 ուսանողների: Մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայաստանի պետական մանկավարժական,  Հայաստանում ֆրանսիական համալսարանների և այլ պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ:

Աշխատաժողովի մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. հայտադիմումի «Ես և իմ մասնագիտությունը» հատվածն առավել ինքնատիպ ու հիմնավոր շարադրածները հաղթահարել են մրցույթը:

Երկօրյա աշխատաժողովում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների օգնությամբ ուսանողները բացահայտել են աշխատաշուկայում մրցունակ լինելու գաղտնիքները, ապա ինտերակտիվ խաղ-մրցույթների ու հարցազրույցների օգնությամբ կիրառել ու ամրապնդել ստացած գիտելիքները: Մրցույթի հաղթողներն արժանացել են  նվերների:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Բարձր գնահատելով ուսխորհրդի նախաձեռնությունը՝ համալսարանի ղեկավարը նշել է, որ բուհում ստացած հիմնարար գիտելիքներից զատ, ուսանողների համար կարևոր են ոչ ֆորմալ գիտելիքները, որոնք նպաստում են կիրառական հմտությունների ձևավորմանը:

«Ոչ ֆորմալ կրթությունը այսօր դարձել է մեր իրականության անբաժանելի մասը: Բաց դասերը, վերապատրաստումները, պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների հետ հանդիպումներն ու տարատեսակ դասընթացներն այսօր դարձել են մեր կրթական համակարգն ուղեկցող կարևորագույն տարրեր: Այստեղ է, որ ուսանողներն իրենց հիմնական ուսումնառությունից զատ ստանում են տեղեկատվություն իրենց հետաքրքրող թեմաների մասին, լսում արդեն իսկ որոշակի հաջողությունների հասած մասնագետների խորհուրդները, ծանոթանում նրանց փորձին: Այսինքն, եթե համալսարաններում դուք ստանում եք հիմնարար գիտելիքներ, ապա ոչ ֆորմալ կրթությունն առավելապես ուղղված է մարդկանց անհատական հետաքրքրությունների ու պահանջմունքների սպասարկմանը»,- նշել է մեր համալսարանի ռեկտորը:

ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի խոսքով՝ ուսանողական խորհուրդը շատ է կարևորում ուսանողների մասնագիտական որակների բարձրացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքների և փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունները, ուստի պատահական չեն  ավանդաբար կազմակերպվող միջբուհական ուսանողական գիտաժողովներն ու աշխատաժողովները: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսանողական կառույցի ղեկավարն ընդգծեց՝ այս աշխատաժողովը առանձնահատուկ էր նրանով, որ  հրավիրված գործատուները՝  բանախոսները, հարցազրուցավարները,  աչքի ընկած ուսանող-մասնակիցներին ընձեռել են իրենց կազմակերպությունում փորձառություն անցնելու հնարավորություն, իսկ հետագայում փորձառության մեջ իրենց լավագույնս դրսևորած ուսանողներին աշխատանք են առաջարկելու:

«Ճիշտ կառուցված ռեզյումե և CV», «Քո առաջին քայլը», «Ինչպե՞ս լինել մրցունակ աշխատաշուկայում». այս և նմանատիպ մոտիվացնող թեմաներով բանախոսել են  բիզնես խորհրդատու, Նիդեռլանդների Մարքեթինգի ինստիտուտի և Մարքեթինգի հայկական ասոցիացիայի փորձագետ Արմեն Սարգսյանը, «HR Solutions» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարիամ Համբարձումյանը, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Աննա Սադոյանը, այլք:

Բանախոսություններից հետո ուսանողները ստացել են հանձնարարություններ և լավագույն կատարողներն արժանացել են մրցանակների: Օրինակ, ամենաուշագրավ «Video CV»-ները ներկայացրել են Ռադիկ Խալաթյանը, Նաիրա Կիրակոսյանը, Անահիտ Մխիթարյանը և ստացել անակնկալ նվերներ՝ պլանշետներ: Մրցույթի մասնակիցները հոլովակի տեսքով ներկայացնել էին իրենց ինքնակենսագրականը, նշել, թե ինչպիսի մասնագիտական հմտությունների են տիրապետում, հիմնավորել, թե ինչու գործատուն պետք է ընտրի հենց իրենց:

Ֆինանսաբանկային ոլորտի տարբեր կազմակերպություններում փորձառություն անցնելու հնարավորություն են ստացել  մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների անցկացրած հարցազրույցների արդյունքով ընտրված ուսանողները:

Գործատու-աշխատանքի դիմող դերային խաղ-մրցույթում հաղթել է 7 ուսանող՝ հնարավորություն ստանալով մասնակցելու «Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի» կողմից կազմակերպվելիք «Խնայողությունների խաղին»:

Ամփոփելով և բարձր գնահատելով աշխատաժողովի արդյունքը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը, նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Զեփյուռ Ալեքսանյանը բոլոր մասնակից-ուսանողներին հավաստագրեր են հանձնել:

Նշենք, որ մրցույթը չհաղթահարած ուսանողները հնարավորություն ունեին  հետևելու աշխատաժողովի ընթացքին՝ ՀՊՏՀ ՈւԽ «Առաջին ուսանողական ալիքի» ուղիղ եթերով:

Շնորհավորում ենք հաղթողներին, մասնակիցներին  և կազմակերպիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին