Թարգմանական գործի առանձնահատկությունները
Արդիական թեմաներով ու մեթոդներով, ինտերակտիվ բաց դասերի անցկացումը ժամանակի հրամայական է: ՀՊՏՀ դասախոսները, կրթական պահանջներին համընթաց քայլելով, մշտապես հանդես են գալիս նոր նախաձեռնություններով: Լեզուների ամբիոնի դասախոս, գերմաներեն դասավանդող Սոնա Թաբաղյանը տնտեսագիտության տեսություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին այսօր համախմբել էր «Թարգմանական գործ. ցուցումներ, մեթոդներ, առանձնահատկություններ» խորագրի շուրջը՝ թեման քննարկելով և' գերմաներենով, և' հայերենով: Միջոցառմանը մասնակցում էին լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը և դասախոսներ:
Բանախոսեց Սոնյա Թաբաղյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշեց, որ թեմաներ ուսումնասիրելիս, հետազոտություններ կատարելիս հաճախ օգտվում ենք օտարալեզու աղբյուրներից և առնչվում ենք թարգմանական գործին, ուստի կարևոր է ծանոթ լինել դրա «նրբություններին»: Մի լեզվից մեկ այլ լեզվով նյութը ներկայացնելիս պետք է առավելագույնս պահպանվեն բնօրինակի իմաստը, լեզվաոճական առանձնահատկությունները, այսպես ասած զգացմունքայնությունը և այլն: Դասախոսը համեմատական վերլուծություն ներկայացրեց՝ գերմաներեն և հայերեն բանաստեղծությունների օրինակով: Դիտարկվեց օրինակ, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Վարդը» ստեղծագործությունը, որի հայերեն հրաշալի թարգմանությունը ծանոթ է բոլորիս: Սոնյա Թաբաղյանը ցույց տվեց, թե որքան գրագետ, նուրբ թարգմանական գործ է կատարել Թումանյանը՝ պահպանելով բնօրինակի բոլոր առանձնահատկությունները, հատկապես զգացմունային երանգը: Ուսանողները «Վարդը» արտասանեցին սկզբում գերմաներեն, հետո՝ հայերեն:
Դասախոսն առանձնահատուկ կանգ առավ «համեմունք բառերի» վրա (ջան, թանկագինս, հոգյակս և այլն), որոնք խոսքին զգացմունք են հաղորդում: Հատկանշական է, որ խոսվեց նաև լեզուն հարստացնող բարբառային բառերի կիրառության մասին: Թարգմանություն կատարելիս պետք է պահպանել դրանք, գտնել լավագույն համարժեքները, անհրաժեշտության դեպքում ստեղծագործական մոտեցում ցուցաբերել. դասախոսի համոզմունքն է:
Ամփոփելով դասը՝ բանախոսն ասաց, որ թարգմանական աշխատանքը շարունակ զարգացող, նորամուծությունների կարիք ունեցող երևույթ է:
«Օրինակ տնտեսագիտական նյութեր թարգմանելիս ի՞նչ խնդիրների եք բախվում»,-ուսանողներին հարցրեց ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը: Ի պատասխան ուսանողներն ասացին՝ տերմինները թարգմանելու խնդիր կա, իսկ դասախոսները խորհուրդ տվեցին օգտվել տերմինաբանական բառարաններից և ուղղորդեցին այս հարցում:
Այսօր իր գերմաներենի լավ իմացությամբ աչքի ընկավ ուսանողուհի Մանե Խաչատրյանը: «Գերմաներենն ինձ հոգեհարազատ է, դեռ դպրոցական տարիներից եմ ուսումնասիրում լեզուն ու ծանոթանում գերմանացիների պատմությանը, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Էմանուել Կանտի գաղափարախոսությանը: Ասեմ, որ բնավորությամբ ինձ շատ եմ նմանեցնում նրանց. սիրում եմ ճշտապահություն, օրենք, զգոնություն: Ծանոթանում եմ նաև Գերմանիայի կրթական ոլորտին. ողջունելի է, որ բարձրագույն կրթությունն անվճար է ու որակյալ: Նպատակ ունեմ ուսումս շարունակելու այնտեղ»,-մեզ հետ զրույցում ասաց Մանեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին