ՀՊՏՀ դասախոսները հանդես են եկել միջազգային գիտական ամսագրերում

Դիտումների քանակ՝ 2444

Մեր համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտներ Ծովինար Կարապետյանը, Արփենիկ Մուրադյանը և ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը համատեղ  իրականացրել են  գիտական հետազոտություն, որի արդյունքը 13-րդ միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակում հրապարակվել է «Chronos» գիտական ամսագրի 2017թ. մարտի 3-ի համարում՝ «Некоторые особенности депозитной политики  в Республике Армения» վերտառությամբ:

Ինչպես նշում են հեղինակները՝ հոդվածում դիտարկվել են առևտրային բանկերի կողմից բնակչության խնայողությունների ներգրավման արդյունավետության բարձրացման խնդիրները: Այս համատեքստում նախ ուսումնասիրվել են ՀՀ առևտրային բանկերի գործունեության վիճակագրական ցուցանիշները, վերհանվել են ֆիզիկական անձանց կողմից դրամով և արտարժույթով խնայողությունների կուտակման համամասնությունների հիմնական միտումները, հաշվարկվել է դոլարացման մակարդակը և դրա շարժը վերջին տարիներին, ինչպես նաև հետազոտվել են ավանդատուների կողմից հիմնական բանկի ընտրության վրա ազդող գործոնները և դրանց ազդեցության կարևորությունը: Առևտրային բանկերի գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են ավանդային քաղաքականության հիմնական առանձնահատկությունները և առաջարկվել  միջոցառումներ, որոնք կարող են բարձրացնել այդ քաղաքականության արդյունավետությունը: Հոդվածն առցանց կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ chronos-journal.ru/archive/new/Chronos_eco_march_2017.pdf  (էջ 15):

Արփենիկ Մուրադյանը մեզ տեղեկացրեց նաև, որ իր մեկ այլ՝ «Экономические результаты таможенной политики Республики Армения» թեմայով հետազոտության արդյունքը հրապարակվել է «Содружество» ռուս-չինական գիտական ամսագրի 2017թ. 12-րդ համարում (12-րդ գիտագործնական կոնֆերանսի շրջանակում): Հեղինակն ուսումնասիրել է ՀՀ արտաքին առևտրի հիմնական ցուցանիշների շարժընթացը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և հատկապես ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Հոդվածում մեծ տեղ է հատկացվել մաքսային եկամուտների կազմի և կառուցվածքի որակական և քանակական փոփոխություններին, գնահատվել է դրանց ազդեցությունը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության վրա: Մեկնաբանվել են ձեռքբերումները, բացթողումները և առկա ռիսկերը: Հոդվածն առցանց՝ հետևյալ հղումով՝  rf-china-science.ru/wp-content/uploads/2017/03/RF-12.pdf  (էջ 50) :

Շնորհավորում ենք հեղինակներին, մաղթում բեղուն գիտական աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին