Բանկի աշխատակիցների ավելի քան 50 %-ը ՀՊՏՀ շրջանավարտ են. հանդիպում «Ինեկոբանկի» հետ

Դիտումների քանակ՝ 3397

«Ինեկոբանկի» անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի ղեկավար Աննա Դավթյանը և նույն բաժնի մասնագետ Էլինա Ստեփանյանն այսօր ՀՊՏՀ-ում հանդիպեցին ուսանողներին, ներկայացրին բանկի թափուր հաստիքները և աշխատանքի անցնելու հնարավորությունները: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը:

Հավաքագրելով ուսանողների ինքնակենսագրականները` հյուրերը տեսաֆիլմով ներկայացրին իրենց լավագույն աշխատակիցների փորձը՝ հավաստիացնելով, որ բանկն ապահովում է կարիերայի արագ աճ և աշխատանքային լավագույն պայմաններ:

Մեզ հետ զրույցում Աննա Դավթյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է բանկի մասնաճյուղերի ավելացում և մի շարք թափուր հաստիքների համալրման կարիք կա: Այս կապակցությամբ ուսանողների համար մրցույթ է իրականացվում՝ լավագույններին ընտրելու և «Ինեկոթիմը» համալրելու  համար:

«Մեր թիրախային խմբերից մեկը ավարտական կուրսերի ուսանողներն են, որոնք զինված են գիտելիքով, երիտասարդ ու եռանդուն են, մեծ ներուժ ունեն ու ցանկանում են սկսել իրենց մասնագիտական գործունեությունը: Բանկը վերապատրաստում է նորավարտ ուսանողներին, տալիս գործնական գիտելիք և լավագույնս աչքի ընկածներին աշխատանք տրամադրում»,-նշեց անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի ղեկավարը, ով, ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է: Գործատուն բարձր գնահատեց մեր համալսարանի շրջանավարտների մրցունակությունը և ընդգծեց, որ «Ինեկոբանկի» աշխատակիցների 50 %-ից ավելին մասնագիտական կրթությունն ստացել  Տնտեսագիտական համալսարանում:

Շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանն էլ  մեզ տեղեկացրեց, որ նմանատիպ հանդիպումները միտված են սերտացնելու ուսանող-գործատու կապերը, մասնավորապես ավարտական կուրսերի ուսանողներին աջակցելու աշխատանք գտնելու գործում, սակայն, իր դիտարկմամբ, ուսանողները հաճախ անտարբերություն են ցուցաբերում, բայց և բողոքում, որ դժվարանում են աշխատանք  գտնել: Բաժնի պետն ակտիվության  կոչ է անում:

Երբ բանկի ներկայացուցիչները հարցրեցին ուսանողներին, թե ով որ պաշտոնում է իրեն պատկերացնում, արձագանքներ լսվեցին. հաշվապահի, սպասարկման մասնագետի….իսկ բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, «Ամենախելացին» հեռուստախաղի ուսանողական եթերաշրջանի հաղթող Տիգրան Պետրոսյանն ասաց՝ բանկի կառավարչի: Բանախոսներն էլ պատասխանեցին՝ չենք բացառում:

Հավելենք, որ մրցույթի առաջին՝ «ինքնակենսագրականների դիտարկման» փուլը հաղթահարածները կհրավիրվեն մասնակցելու հաջորդ փուլին: Իսկ 3 փուլերն անցնելու դեպքում՝ ուսանողները կստանան աշխատանքի առաջարկություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին