Ինտերակտիվ խաղ- մրցույթ՝ տնտեսագիտության տեսաբանների մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 2892

Տնտեսագիտության տեսություն մասնագիտության 2-րդ կուրսում այսօր մրցակցային մթնոլորտ էր. խաղ-մրցույթում ուսանողները ստուգեցին  իրենց՝ հակամենաշնորհային քաղաքականությանն առնչվող օրենքների իմացությունը: Միջոցառումը նախաձեռնել էր տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Նարինե Խալաթյանը՝ «Հակամենաշնորհային քաղաքականություն» առարկայի շրջանակում: Ուսանողներին ողջունելու էին եկել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և դեկանի տեղակալ Հարություն Թերզյանը:

Դեկանը կարևորեց նախաձեռնությունը. «Այսպիսի միջոցառումները տեսական գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություն կարելի է համարել»:

Կուրսը բաժանվել էր 2 խմբի՝ «Տնտեսության հզոր մրցակիցներ» և «Բարեխիղճ մրցակցության հավակնորդներ», որոնք հանդես էին գալիս «Միայն ազատ մրցակցությունն է ապահովում տնտեսական աճ» և  «Ազատ մրցակցություն, հզոր պետություն» կարգախոսներով: Մրցակից թիմերը հարցադրումներ էին ներկայացնում միմյանց և ճիշտ պատասխանների դեպքում արժանանում միավորների: Հարցերը ՏՄՊՊ մասին ՀՀ օրենքին էին առնչվում. ներկայացնել մոնոպոլիայի բնութագրական գծերը, ե՞րբ են տնտեսավարող սուբյեկտները շուկայում համարվում գերիշխող, ո՞րն է տնտեսական մրցակցության պետական պաշտպանության մասին օրենքի նպատակը և այլն: Երկու թիմերն էլ պատասխանեցին իրենց ուղղված  գրեթե բոլոր հարցերին:

Ծավալվում էր  ակտիվ քննարկում, բացի օրենքը մեջբերելուց, ուսանողները դիտարկում էին օրինակներ, ներկայացնում միջազգային փորձը:

Ինչպես ասաց դասախոս Նարինե Խալաթյանը՝ մրցույթում հաղթեց գիտելիքն ու թիմային աշխատանքը, այսինքն՝ երկու թիմերն էլ: Ուսանողները ստացան խրախուսական մրցանակներ՝ տնտեսագիտական գրքեր:

«Այս մրցույթի հիմնական նպատակը  ուսանողի գիտելիքի ամրապնդումն էր: Առանց օրենքների իմացության, որպես սպառող, նրանք չեն կարող պաշտպանել իրենց շահերը: Այստեղ կարևոր էր նաև նրանց խանդավառությունը, խմբային աշխատանք կատարելու կարողությունը»,-ասաց դասախոսն ու հավելեց, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին