Ուսանողները ծանոթանում են աշխատանքային իրավունքին. բաց դաս՝ 1-ին կուրսեցիների բանախոսությամբ
«Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրսում օրը մեկնարկեց հետաքրքրական բաց դասով. «Իրավագիտություն» առարկայի շրջանակում ուսանողներն անդրադարձան աշխատանքային իրավունքին՝ քննարկելով գործատու-աշխատող փոխհարաբերություններին առնչվող առանցքային հարցերը: Նախաձեռնությունը իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Գեղեցիկ Գրիգորյանինն է, ով ուսանողներին աջակցել էր թեման համակողմանիորեն ուսումնասիրելու, աղբյուրներից ճիշտ օգտվելու և փաստերը համադրելու, վերլուծելու, ուշագրավ շնորհանդես պատրաստելու գործում: Բաց դասին ներկա էին վերոնշյալ ամբիոնի ղեկավար Լյուբա Մեհրաբյանը և ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը:
Գեղեցիկ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին` նշեց, որ բաց դասի թեման արդիական է և առնչվում է մեր կենսագոյության կարևոր իրավունքին՝ աշխատանքայինին: «Հատկանշական է, որ 132 երկրում կատարված հարցումները ցույց են տվել, որ կյանքի իրավունքից հետո մարդիկ կարևորում են աշխատանքային իրավունքը»,-մեջբերեց դասախոսը, ապա խոսքը տրամադրեց ուսանողներին:
Հետազոտությունը կատարել էր կուրսը, բանախոսեցին ուսանողներ Անի Եղոյանը, Վարդուհի Մուրադյանը, Աննա Ազիզյանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի և աշխատողի իրավունքների ու պարտականությունների համատեքստում ներկայացվեցին աշխատանքային պայմանագրի էությունը, աշխատաժամանակի սահմանման կարգը, հանգստի ժամանակի տեսակները, աշխատանքային կարգապահությանը, խրախուսումներին, նյութական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող հարցեր:
Հետաքրքիր վիճակագրական տվյալներ հաղորդվեց մեր երկրում ամենապահանջված մասնագետների, աշխատակից ընտրելիս գործատուի նախընտրությունների, աշխատանք փնտրողների տարիքային խմբերի, աշխատանք փնտրելու մեթոդների և այլնի մասին: Ինչպես նշվեց՝ գործատուների 41 տոկոսը կարևորում է, թե որ բուհն է ավարտել տվյալ աշխատանքով հետաքրքրվող անձը, գործազուրկների 1/3-ը բարձրագույն կրթություն ունեցող անձինք են, ամենապահանջված մասնագետները ծրագրավորողներն են:
Լսարանը հարցադրումներ ներկայացրեց, որին պատասխանեցին բանախոսները, իսկ դասախոսը լրացումներ կատարեց: Ուսանողներից մեկին, օրինակ, հետաքրքրեց՝ օրենքով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները վերաբերում են միայն պետական հատվածի աշխատակիցներին և գործատուներին, թե նաև մասնավոր հատվածի: Ի պատասխան նշվեց՝ երկուսին էլ:
Մեզ հետ զրույցում Գեղեցիկ Գրիգորյանն ասաց, որ առաջին կուրսեցիների համար նման ուսումնասիրություն կատարելը առանձնակի հետաքրքրական էր, քանի որ նրանք սկսում են ձևավորել հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ, զարգացնում են իրավական մտածելակերպը, կրթական իրավունքի իրացման գործում ստանձնում են մեծ պատասխանատվություն: «Մի քանի օր շարունակ խանդավառված ուսանողները դասերի ավարտից հետո մնացել են համալսարանում և միասին պատրաստվել ենք այս դասին»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին