ՀՊՏՀ-ում է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի դասախոս Պավել Կլիբերը

Դիտումների քանակ՝ 2767

Տնտեսագիտական համալսարանը շարունակում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալել գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին: Այս օրերին մեզ մոտ է հյուրընկալվել Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի դասախոս Պավել Կլիբերը: Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ նա հանդիպումներ է ունեցել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտաշխատողների և ֆինանսական ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների  և դասախոսների հետ. հետազոտական կենտրոնի աշխատակիցները հյուրի հետ նախանշել են երկու համալսարանների  միջև գիտական գործակցության հնարավորությունները, իսկ  ֆինանսական ֆակուլտետում Կլիբերը հանդես է եկել «Ֆինանսական մաթեմատիկա» թեմայով դասախոսությամբ, նրան ընդունել և ուրվագծվող համագործակցության շուրջ զրուցել է ֆինանսների ամբիոնի ղեկավար Աշոտ Սալնազարյանը:

Այսօր միջազգային ծրագրերի կենտրոնում ուսանողների և դասախոսների  մասնակցությամբ Պավել Կլիբերը ներկայացրեց «Տոկոսադրույքների մոդելավորում» խորագրով դասախոսություն: Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց հյուրին: Պոզնանի համալսարանի ներկայացուցիչը պատմական համառոտ ակնարկ կատարեց իր բուհի վերաբերյալ, խոսեց օտարերկրյա ուսանողների համար նախատեսված «Ֆինանսական ինժեներինգ»  մագիստրոսական կրթական ծրագրի մասին: Իսկ դասախոսության առանցքում էին տոկոսադրույքների էությունը, դրանց մոդելավորման ու ձևակերպման առանձնահատկությունները: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին:

Ինչպես տեղեկացնում են արտաքին կապերի բաժնից՝ Կլիբերը վաղը նախատեսում է դասախոսությամբ հանդես գալ նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին