Գործնական ու տեսական գիտելիքների համադրում. բաց դաս՝ ԿԲ ներկայացուցչի բանախոսությամբ
Կառավարչական հաշվառման ամբիոնի և նույն ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանի համատեղ նախաձեռնությամբ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում մասնագիտական առարկաների շրջանակներում անցկացվում են բաց դասեր, որոնց ընթացքում համապատասխան ոլորտներից հրավիրվում և դասախոսությամբ հանդես են գալիս փորձառու մասնագետներ: Հիմնական նպատակը ուսանողին գործնական գիտելիք փոխանցելն է: Այսօր հերթական դասն էր, «Տնտեսագիտության վերլուծության տեսություն» առարկայի դասաժամը բակալավրիատի 2-րդ կուրսում վարեց ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ (ավագ վերահսկող), Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ Լուսինե Մարգարյանը: Միջոցառմանը ներկա էին կառավարչական հաշվառման ամբիոնի վարիչ, դոկտոր Լիանա Գրիգորյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը:
Բանախոսության հիմնական շեշտադրումներն էին՝ կառավարչական որոշումների կայացման գործընթացում տնտեսական վերլուծության կիրառումը և ֆինանսական գործակիցները, տնտեսական վերլուծության գործնական կիրառումը ֆինանսական ընկերությունների և դրանց բաժնետերերի ֆինանսական վիճակի, ընկերությունների հեռանկարային զարգացման ծրագրերի, կոնսոլիդացված վերահսկողության ընթացքում, միկրոմակարդակում կառավարչական որոշումների ընդունման գործընթացում կիրառվող տնտեսական վերլուծության մեթոդները և եղանակները:
Դասախոսության ավարտին ԿԲ ներկայացուցիչը պատասխանեց ուսանողների հարցերին: Տեղեկացնենք, որ Լուսինե Մարգարյանը ՀՊՏՀ գերազանցության դիպլոմի արժանացած լավագույն շրջանավարտներից է:
Մեզ հետ զրույցում դոցենտ Վահան Բաբայանն ընդգծեց. «Քաղաքականություն ենք որդեգրել, որ այսպիսի բաց դասերի՝ հրավիրված մասնագետների դասախոսությունների միջոցով ուսումնական տվյալ թեմայի վերաբերյալ նախ ընդհանուր գործնական գիտելիք հաղորդենք ուսանողներին, այնուհետև, մեր դասախոսություններով փոխանցենք տեսականը: Ստացվում է գործնական ու տեսական գիտելիքի արդյունավետ համադրում ու յուրացում»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին