Տնտեսագիտության ու հետաքրքրաշարժ երևույթների մասին՝ անգլերենով
Տնտեսագիտության տեսություն մասնագիտության 1-ին կուրսում անգլերենի դասն այսօր «սովորական» չէր. դասախոս, լեզուների ամբիոնի դոցենտ Լուսինե Հարությունյանն ամբիոնը տրամադրել էր ուսանողներին, ովքեր խոսեցին տնտեսագիտության ու հետաքրքիր երևույթների շուրջ: Բաց դասին ներկա էին լեզուների ամբիոնի ղեկավար, դոցենտ Սուսաննա Չալաբյանը, դասախոսներ:
Ուշագրավ թեմաներ, անկաշկանդ ու սահուն անգլերեն, ներկայացման հմուտ ոճ. առաջին կուրսեցիներն անմիջապես գրավեցին լսարանը:
Անգլախոսներն անդրադարձան աշխարհի մեծագույն քաղաքներին, ինչպիսիք են Չիկագոն, Սինգապուրը, Տոկիոն, Հոնկոնգը, ամենաազդեցիկ տնտեսագետներին՝ Ադամ Սմիթ, Ջոն Քեյնս, Յան Թինբերգեն, Ալֆրեդ Մարշալ, Միլթոն Ֆրիդման և այլք, ամենավաճառվող ապրանքների թոփ տասնյակին, որում են՝ «Coca-Cola»-ն, «iPhone»-ը, «iPad»-ը, Հարի Փոթերի գրքերը, «Ռուբիկի խորանարդիկը» և այլն:
Լուսինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նմանօրինակ դասերն, անշուշտ, նպաստում են անգլերենով բանավոր հաղորդակցվելու, հետազոտական աշխատանք իրականացնելու, լսարանին ներկայանալու հմտությունները:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց բանախոս-ուսանողներից Անդրանիկ Մարգարյանի հետ, ով խանդավառությամբ նշեց, որ սիրով և պատասխանատվությամբ է պատրաստվել բաց դասին, քանի որ շատ է սիրում անգլերենը և հետազոտական աշխատանքը: Անդրանիկը գերազանց առաջադիմություն ունի, սովորում է անվճար համակարգում:
«Անգլերենը դարպաս է բացում դեպի միջազգային ասպարեզ, ուստի ժամանակակից ուսանողը պետք է լավ տիրապետի այս լեզվին, կարողանա շփվել աշխարհի հետ: Եվ այս դասերը մենք՝ ուսանողներս, կարևորում ենք, որովհետև կրկին կոփում ու հղկում ենք մեր անգլերեն խոսքը, ամեն մի հետազոտությունից ու մեր ընկերներին լսելիս նոր գիտելիք ենք ստանում»,-վստահեցրեց ուսանողը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին