«Progress»՝ բիզնես գաղափարների համակարգման և իրագործման հնարավորություն

Դիտումների քանակ՝ 2767

Ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովը մեկնարկել է «Progress» խորագրով ծրագիր, որի շրջանակում կազմակերպվում են բիզնես գաղափարներ ունեցող ուսանողներին ուղղորդող սեմինար-քննարկումներ՝ փորձառու գործարարների բանախոսությամբ:

Գործարարությամբ հետաքրքրվող ուսանողների հյուրն այսօր Անտիկ արվեստների դպրոցի հիմնադիր-տնօրեն, «Բիզնես ակտիվներ» դպրոցի համահիմնադիր Նելլի Դավթյանն էր, ով փորձեց   ներկայացնել ինչպե՞ս գրել «սթարթափ»  (բիզնես նախագիծ) հարցի պատասխաններ:

«Բիզնեսը սկսվում է գաղափարից»,-ասաց երիտասարդ գործարարն ու  հավելեց, որ եթե դեռ չկան գաղափարներ, նախասիրությունների կամ պահանջարկի հիման վրա կարելի է ստեղծել այն: Ասածը հիմնավորելով՝ բանախոսը ներկայացրեց իր փորձը. սիրում է երեխաներ և արվեստ, իսկ  միավորելով այս երկուսը, ստեղծել է  իր բիզնեսը՝ երեխաների համար բացառիկ նկարչական դպրոց, որտեղ ուսուցանվում է մատնանկարչություն: Արդյունքում ստացվել է, որ գործարարը սկսել է զբաղվել իր սիրելի գործով, ստեղծել է բացառիկ, Հայաստանում, ավելին՝ տարածաշրջանում միակ մատնանկարչության դպրոցը:

Անդրադարձ կատարվեց առաջարկվող արտադրանքը ճիշտ փաթեթավորելու, սպառողների նախասիրությունները հաշվի առնելու և հաջող բիզնեսի համար կարևորագույն  այլ հարցերի:

Մեզ հետ զրույցում ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ոսկերչյանն ասաց, որ «Progress» ծրագրի վերջնարդյունքում ակնկալվում է ընթացիկ կիսամյակի ավարտին խմբավորել և ֆինանսավորում ստանալու նպատակով ՀՀ կառավարությանը ներկայացնել ՀՊՏՀ ուսանողների բիզնես գաղափարները:

Ապագա գործարարներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին