Երբ խոսում են «սիրո լեզվով». օլիմպիադան համախմբել էր ՀՊՏՀ ֆրանսախոսներին

Դիտումների քանակ՝ 2765

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ՀՊՏՀ-ում այսօր անցկացվեց ֆրանսերենի օլիմպիադա, որ համախմբել էր բակալավրիատի, մագիստրատուրայի ֆրանսախոս լավագույն ուսանողներին, ասպիրանտներին: Կազմակերպիչը լեզուների ամբիոնն էր, որի ղեկավարն ու դասախոսները ներկա  գտնվեցին միջոցառմանը:

Լեզվիմացության բանավոր ստուգատեսում ուսանողներն ու ասպիրանտները հանդես էին գալիս իրենց ընտրած ուշագրավ թեմաներով՝ քննարկման առանցքում ունենալով հասարակական ու սոցիալական, տնտեսագիտության ոլորտի ձեռքբերումներին ու զարգացումներին առնչվող հարցեր: Արծարծվող թեմաներից մեկն օրինակ Ֆրանսիայում տարեցների և հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության վերաբերյալ էր: Ելույթները գնահատում էին դասախոսներ Նեկտար Խաչատրյանն ու Ջեմա Մանուկյանը:

«Ֆրանսերենը սիրո, ռոմանտիկայի լեզուն է»,-մեզ հետ զրույցում ասաց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Զառա Գրիգորյանը, ով լեզուն ուսումնասիրում է վաղ տարիքից, սովորել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցում: Օլիմպիադայի համար նա պատրաստել էր զեկուցում, որում դիտարկել էր  ժամանակակից մարքեթինգի առանձնահատկություններն ու մասնավորապես խոսել  էլեկտրոնային մարքեթինգի առավելությունների մասին:   «Ուզում եմ հետագա ուսումս շարունակել Ֆրանսիայում: Քանի որ շրջապատում շատ չեն մարդիկ, որոնց հետ կարող եմ ֆրանսերեն հաղորդակցվել, կարդում եմ ֆրանսերեն ամսագրեր, դիտում հաղորդումներ, որպեսզի «օգտագործեմ» և զարգացնեմ  լեզուն»:

Ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանի փոխանցմամբ՝ լավագույն զեկուցումների հեղինակներին ամբիոնը կնվիրի  ֆրանսալեզու  գրքեր: «Ֆրանսերենին տիրապետողները շատ չեն, և մեզ համար այս օլիմպիադայում արդեն հաղթող են բոլոր մասնակիցները»,-ընդգծեց ամբիոնի ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին