ՀՊՏՀ-ում է լեհաստանցի դասախոս Աննա Տուրզակը

Դիտումների քանակ՝ 3004

«Էրազմուս+» ծրագրով մեր համալսարանում է Լեհաստանի Արևմտյան Պոմերանիա բիզնես դպրոցի դասախոս Աննա Տուրզակը: Միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր  նա հանդես եկավ «Մաթեմատիկական և վիճակագրական մեթոդները տնտեսագիտության մեջ» թեմայով դասախոսությամբ:

Հանդիպմանը ներկա էին դասախոսներ, աշխատակիցներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ: Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, որի ղեկավար Վարդ Ղուկասյանը ներկայացրեց  օտարերկրացի հյուրին, ապա ամբիոնը տրամադրեց նրան:

Ողջունելով ներկաներին՝ Աննա Տուրզակն անդրադարձավ նախ «Էրազմուս+» ծրագրին իր բուհի մասնակցությանը, արտասահմանցի ուսանողների համար իրականացվող կրթական ծրագրերին (բակալավրիատ, մագիստրատուրա)՝ նշելով որ  Արևմտյան Պոմերանիա բիզնես դպրոցում սովորում են ուսանողներ Թուրքիայից, Ուկրաինայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Դասախոսության շրջանակում բանախոսը պարզաբանեց տնտեսագիտության մեջ մաթեմատիկական  վիճակագրության  կիրառման նշանակությունը, օրինակներով  ցույց տվեց լոգարիթմների միջոցով տարբեր մաթեմատիկական հաշվարկներ անելու արդյունավետությունը: Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով:

Նշենք, որ մարտի 3-ին Աննա Տուրզակը հանդիպել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ. գիտահետազոտական համագործակցության շրջանակում նախանշվել են անելիքները: Իսկ երեկ՝ մարտի 6-ին, դասախոսը ելույթ է ունեցել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում, ինչի կապակցությամբ այսօր նշեց, որ հիացած է ֆակուլտետի ուսանողների գիտելիքներով և խանդավառությամբ: Նախքան ուսանողության հետ հանդիպելը նրան իր աշխատասենյակում ընդունել է դեկան Մանուկ Մովսիսյանը:

Վերջին 2 լուսանկարը տրամադրել է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին