ՀՊՏՀ-ի և շվեյցարական համալսարանի միջև քննարկվում է կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանները քննարկում են համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 25-ին երկու համալսարանների միջև կնքվել էր համագործակցության հուշագիր: Սույն թվականի փետրվարի 27-ից ՀՊՏՀ-ում է շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալան Հուդաշչյանը, ով հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Այսօր նա հրաժեշտի հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտորի հետ:
Ինչպես մեզ տեղեկացրեց գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, երկու համալսարանները քննարկում են «Գործարար կառավարում» մագիստրոսական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, ըստ որի՝ ուսանողները հնարավորություն կստանան ստանալու ՀՊՏՀ-ի և ՈՒՄԵՖ-ի կրկնակի դիպլոմներ:
Շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանը գտնվում է Ժնևում, առաջարկում է բակալավրական (BBA), մագիստրոսական (MBA), ասպիրանտական (Ph.D) և գործարար ասպիրանտական (DBA) ծրագրեր ֆրանսերենով և անգլերենով՝ Մենեջմենթի, գործարար կառավարման, քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտներում:
Ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ-ի հետ ակնկալվող համատեղ ծրագրի առավելությունները.
- Մագիստրատուրայում սովորող բոլոր ուսանողները կստանան ՈՒՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ:
- Մագիստրատուրայում սովորող ուսանողներին հնարավորություն կընձեռվի մեկ կամ երկու կիսամյակ ուսումը շարունակել Շվեյցարիայում, մասնավորապես՝ Ժնևի ՈՒՄԵՖ-ի կամպուսում:
- Բոլոր դասընթացները կդասավանդվեն անգլերեն լեզվով:
- Բոլոր դասընթացները կանցկացվեն Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի կողմից :
Ս.թ. ապրիլին նախատեսվում է շվեյցարական համալսարանի պատվիրակության այց ՀՊՏՀ՝ համագործակցության պայմանագրի ստորագրման, մարքեթինգային նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին